Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրն անցել է ամերիկյան ընկերության, այն ղեկավարում է Հայաստանով անցնող «Թրամփի երթուղու»՝ TRIPP + առևտրային հիմնադրամի ղեկավար նշանակված Կոնստանտին Սոկոլովը, գրում է Ազատությունը։
ԶԼՄ-ն նշել է, որ այդ մասին է վկայում Տեխասի հարկային ռեգիստրից ստացած փաստաթուղթը, որով Թեղուտի հանքավայրը շահագործող «Կուպրար ՌԱ»-ի նոր բաժնետեր «Դայնեմիք ֆրոնտիեր հոլդինգս» ընկերությունը ղեկավարում է Ֆլորիդայում գրանցված Սոկոլովը։
Նշվում է, որ ընկերությունը ՀՀ-ում գրանցված չէ, հիմնադրվել է 2025-ի օգոստոսին՝ ԱՄՆ Տեխաս նահանգում։
ԶԼՄ-ն հիշեցրել է ապրիլին ստացած տեղեկությունը, ըստ որի՝ Սոկոլովը հետաքրքրված էր վարկային պարտքի դիմաց ռուսական ՎՏԲ բանկին անցած հանքի ձեռքբերմամբ։
Հուլիսի 15-ին հայտնի դարձավ, որ Չիկագոյում բնակվող ազգությամբ ռուս ներդրող Սոկոլովը կղեկավարի ԱՄՆ պետդեպարտամենտի TRIPP+ հիմնադրամը։ Նա կառավարելու է Հարավային Կովկասով և Կենտրոնական Ասիայով առևտրային միջանցքի զարգացման համար հատկացված ավելի քան 200 միլիոն դոլարը, այդ թվում՝ Հայաստանում կատարված ներդրումները։
Ըստ The Guardian-ի՝ Սոկոլովը Հայաստանի խոշորագույն հեռահաղորդակցության օպերատոր Viva Armenia-իբաժնետեր է, ղեկավար պաշտոններ է զբաղեցնում Northern Pillar Energy Consortium և Pelagos Data Centres նախագծերում, ինչպես նաև հիմնադրել է IJS Investments և Gotthard Investment AG ներդրումային ընկերությունները, որոնք գործում են էներգետիկայի, հեռահաղորդակցության, ֆինանսական ծառայությունների և անշարժ գույքի ոլորտներում։
Վաշինգտոնում 2025 թվականի օգոստոսի 8-ին Հայաստանի, ԱՄՆ-ի և Ադրբեջանի ղեկավարներն ստորագրել էին համատեղ հռչակագիր, որը նախատեսում է Հայաստանի տարածքով Ադրբեջանը Նախիջևանին կապող TRIPP տարանցիկ երթուղու ստեղծումը՝ պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության պահպանմամբ։
Հայաստանն ու ԱՄՆ-ն 2026 թվականի հունվարի 14-ին հրապարակել էին նախագծի իրականացման շրջանակը, իսկ հունիսի 4-ին՝ ստորագրել շրջանակային համաձայնագիր։ Փաստաթղթով նախատեսվում է ստեղծել TRIPP-ի զարգացման ընկերություն, որի 74%-ը կպատկանի ԱՄՆ-ի ստեղծած կառույցին, 26%-ը՝ Հայաստանին։ Սահմանային և մաքսային վերահսկողությունը, իրավապահ գործունեությունն ու անվտանգությունը կմնան ՀՀ պետական մարմինների պատասխանատվության ներքո։
