Հայկական արտադրողները կարող են մուտք գործել ԵՄ շուկա․ ՍԱՏՄ-ն ներկայացրել է պահանջները

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ներկայացրել է Եվրոպական միություն արտահանելու նպատակով «TRACES» համակարգում գրանցվելու ընթացակարգը։

ՍԱՏՄ-ի փոխանցմամբ՝ նախ անհրաժեշտ է ներկայացնել պահանջվող փաստաթղթերը։ Դրանց ուսումնասիրությունից հետո, մինչև 5 աշխատանքային օրվա ընթացքում, դիմումատուի մոտ իրականացվում է ստուգում՝ պարզելու համար՝ արդյոք տնտեսավարող սուբյեկտը համապատասխանում է գրանցման համար սահմանված պահանջներին, և ներկայացված փաստաթղթերը հավաստի են։

Ստուգման ընթացքում իրականացվում է նաև արտադրանքի նմուշառում։ Նպատակն է լաբորատոր փորձաքննության միջոցով պարզել՝ արդյոք արտադրված արտադրանքը համապատասխանում է Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված անվտանգության և որակի պահանջներին։

ՍԱՏՄ-ի տեղեկացմամբ՝ ամբողջ ստուգման գործընթացը նախատեսվում է իրականացնել 10-15 աշխատանքային օրվա ընթացքում։

Եթե ստուգումների ընթացքում անհամապատասխանություններ չեն հայտնաբերվում, տնտեսավարող սուբյեկտի վերաբերյալ տվյալները գրանցվում են համակարգում և ներկայացվում Եվրոպական հանձնաժողովի հաստատմանը։

Հաստատումից հետո դիմումատուն էլեկտրոնային փոստով ստանում է համապատասխան ծանուցում և գրանցման համարը։ Դրանից հետո տնտեսավարողը ստեղծում է իր օգտահաշիվը և կարողանում մուտք գործել «TRACES» համակարգ։

ՍԱՏՄ-ն հայտնում է, որ «TRACES» համակարգում գրանցումն անժամկետ է, այսինքն՝ հաստատված տնտեսավարողները կրկին գրանցման գործընթաց անցնելու անհրաժեշտություն չունեն, եթե պահպանվում են սահմանված պահանջները։

Leave a Comment