
Ռուսաստանն ակնկալում է, որ տարածաշրջանային խորհրդատվական «3+3» ձևաչափի հերթական նախարարական հանդիպումը՝ բոլոր վեց երկրների մասնակցությամբ, կկայանա մոտ ժամանակներս, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Ակնկալում ենք, որ մոտ ժամանակներս մեր ադրբեջանցի և հայ գործընկերները կհամաձայնեցնենք հաջորդ նախարարական նիստերի ժամանակացույցը, և մենք կորոշենք, թե որտեղ այն կկայանա՝ Բաքվում, թե Երևանում»,- նշել է նա՝ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ բանակցությունների արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում։
Լավրովը նշել է, որ «3+3» հարթակը (Ռուսաստան, Ադրբեջան, Հայաստան, Իրան, Թուրքիա, Վրաստան) զգալի ներուժ ունի տարածաշրջանային մարտահրավերները հենց այդ երկրների ուժերով՝ առանց արտաքին միջամտության լուծելու համար։