Լավրովն ու Բայրամովը քննարկել են Մոսկվա-Բաքու հարաբերությունների ապագան

Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները միտված են երկկողմ համագործակցության ամբողջ ներուժի իրացմանը, որը ամրագրված է 2022 թվականի փետրվարի 22-ին ստորագրված Մոսկվայի դաշնակցային համագործակցության հռչակագրում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ բանակցությունների մեկնարկին։

«Մենք շարժվում ենք դեպի Մոսկվայի դաշնակցային համագործակցության հռչակագրի ամբողջ ներուժի իրացումը», – ասել է Լավրովը։

Իր հերթին Ջեյհուն Բայրամովը նշել է, որ Ադրբեջանը պատրաստ է Ռուսաստանի հետ քննարկել տարածաշրջանային և միջազգային օրակարգի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր հարցերը։

Նա նաև ընդգծել է, որ, չնայած համաշխարհային տնտեսական դժվարություններին, Բաքվի և Մոսկվայի միջև տնտեսական համագործակցությունը շարունակում է զարգանալ դրական միտումով։

Բայրամովը նախօրեին աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստան։ Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտնել էր, որ կողմերը քննարկելու են երկկողմ հարաբերություններին, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային օրակարգին առնչվող մի շարք արդիական հարցեր։

Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Ռուսաստանի հետ հարաբերություններում բարդ շրջանն արդեն անցյալում է, և իրավիճակը կարգավորվել է։ Երկու երկրների հարաբերություններում լարվածությունն առաջացել էր, մասնավորապես, 2024 թվականի դեկտեմբերին AZAL ավիաընկերության ինքնաթիռի կործանումից հետո։

Leave a Comment