Թուրքիայի պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարել է, որ ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգերի հետ կապված աշխատանքները շարունակվում են։
Գերատեսչությունը միաժամանակ զերծ է մնացել հաստատելուց այն տեղեկությունները, թե Անկարան փորձում է վաճառել կամ այլ երկրի փոխանցել այդ համակարգերը՝ ամերիկյան F-35 կործանիչների ծրագրին վերադառնալու նպատակով։
Նախարարությունից նշել են, որ տարածաշրջանային հակաօդային և հակահրթիռային պաշտպանության համակարգերի ձեռքբերման բազմակողմանի գործընթացը դեռևս ընթացքի մեջ է, և հավելել, որ արդյունքների մասին հանրությանը կտեղեկացնեն լրացուցիչ։
Հիշեցնենք, որ 2019 թվականին ռուսական ՀՕՊ համակարգերի ձեռքբերումից հետո ԱՄՆ-ը պատժամիջոցներ էր կիրառել Թուրքիայի նկատմամբ և դուրս թողել վերջինիս F-35 ծրագրից։
