17.07.2026 | 11:08
Գրականագետ Գրիգոր Գույումջյանը, որը զրուցելիս սովորաբար առաջնորդվում էր Վիլյամ Սարոյանի «Աստված բարձր ձայնը կսիրե» նշանաբանով, հանրային գրադարանի միջանցքում ինչ-որ բան էր գոռգոռալով բացատրում։ Հուսիկը, որը ներկա էր, ուզեց մտնել ընթերցասրահ։ Գույումջյանը, դիմելով Հուսիկին, ասաց.
– Ընկեր Հուսիկ, էս մեկը շատ կարևոր է, սա էլ լսեք, հետո կգնաք։
– Ոչի՛նչ, ոչի՛նչ, դու ասա, էդ մեկն էլ ներսից կլսեմ։
*
Հուսիկի ներկայությամբ միջին սերնդի մի հայտնի բանաստեղծ, թերթելով նորաոճ մի պոետի բանաստեղծությունների ժողովածուն, իր արհամարհամքն էր արտահայտում.
– Այ մարդ, ամեն մի խելառի տպում են, սրանից հետո ես էլ պտի սկսեմ խելառություն անել։
– Դու մի սկսիր, ուղղակի շարունակիր, – ասաց Հուսիկը։
*
Մի շատախոս բանաստեղծի անվերջ շաղակրատանքից գլուխն ազատելու համար Հուսիկն ասում է.
– Դե, ինձ կներեք, ես շտապ գործ ունեմ, պետք է գնամ։
– Ցանում ես, էլի, ընկեր Հուսիկ, – կես կատակ, կես նեղացած ասում է զրուցամոլը։
– Ես ձեզ երբեք չեմ ցանի, – ասում է Հուսիկը։
Պատասխանից գոհ բանաստեղծը կարծում է, որ ինքը հեղինակություն է Հուսիկի համար, բայց հարցնում է՝
– Ինչու՞։
– Որովհետև՝ ինչ որ ցանես, այն կհնձես։
*
Հուսիկի ներկայությամբ մեկը հարցրել էր․
– Ո՞րն է սովետական բառի արմատը։
– Սովը,- վրա էր բերել Հուսիկը։
Արամ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ