Iravaban.net-ի փոխանցմամբ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության հուլիսի 16-ի նիստոին հաստատվել է նախագիծ, որով Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում գտնվող պետական սեփականություն հանդիսացող 165 քմ տարածքը հետ կվերցվի Պետական գույքի կառավարման կոմիտեից և ամրացնել Շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայությանը։ Նախագիծը մշակվել է Էկոպարեկային ծառայության կողմից։
Խոսքը Սիսիան համայնքի Գ. Նժդեհի փողոց 2 շենքի 2 տարածքի մասին է, որի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը կազմում է 10 մլն 485 հազար 514 դրամ։
Ինչո՞ւ է անհրաժեշտ այդ տարածքը։
Նախագծի հիմնավորման համաձայն՝ գույքը նախատեսվում է օգտագործել Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության Սիսիանի տեղամասի տեղակայման համար։
Այսինքն՝ տարածքում նախատեսվում է ստեղծել ծառայության բնականոն աշխատանքի համար անհրաժեշտ պայմաններ, այդ թվում՝
- ծառայողների աշխատասենյակներ,
- ծառայողական զենքի և սպառազինության պահասենյակներ,
- սանհանգույց,
- ծառայողական, գործառնական և հատուկ նշանակության ավտոմեքենաների կայանատեղի,
- առգրավված կամ իրեղեն ապացույց ճանաչված իրերի պահպանության համար նախատեսված տարածքներ։
Այսպիսով, խոսքը պարզապես վարչական տարածք տրամադրելու մասին չէ։ Նախագծով նախատեսվում է ստեղծել Էկոպարեկային ծառայության տեղամասի լիարժեք գործունեության համար անհրաժեշտ ենթակառուցվածք։
Ի՞նչ է փոխվել Էկոպարեկային ծառայության ստեղծմամբ։
Էկոպարեկային ծառայությունը գործում է 2024 թվականի հունվարի 1-ից՝ նախկին Անտառային կոմիտեի փոխարեն։
Նոր ծառայությանը վերապահվել են պետական անտառների, անտառային հողերի և բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության ապահովման, ինչպես նաև օրենսդրության կիրառման նկատմամբ պետական հսկողության իրականացման գործառույթներ։
Ծառայությունը գործում է Հայաստանի ամբողջ տարածքում։ Դրա կազմում գործում են 7 տարածքային ստորաբաժանումներ՝ մարզային վարչություններ, որոնք իրենց հերթին աշխատանքն իրականացնում են 18 տեղամասերի միջոցով։
Ծառայության հաստիքների առավելագույն թիվը կազմում է 1176, որից 1062 հաստիքը նախատեսված է տարածքային ստորաբաժանումների գործունեության համար։
Ի՞նչ է նախատեսվում արդյունքում
Նախագծի ընդունմամբ կլուծվի Ծառայության ՀՀ Սյունիքի մարզային վարչության Սիսիանի տեղամասի տեղակայման հարցը, կստեղծվեն ծառայության համար անհրաժեշտ աշխատանքային պայմաններ, որի արդյունքում համապատասխան տարածքներում կբարձրանա Ծառայությանը վերապահված լիազորությունների և խնդիրների իրականացման արդյունավետությունը։