Փոփոխություններ և լրացումներ՝ Կառավարության գործունեության միջոցառումների ծրագրի մշակման և մշտադիտարկման կարգում

Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել ՀՀ Կառավարության գործունեության միջոցառումների ծրագրի մշակման և մշտադիտարկման կարգում։ Առաջարկվող փոփոխությունները միտված են նպաստելու Կառավարության ծրագրի առավել արդյունավետ իրականացմանը` միջոցառումների ծրագիրը դարձնելով առավել արդյունքավետ ու իրագործելի: Ըստ այդմ՝ միջոցառումների համար սահմանվում է ավելի հստակ ձևաչափ, որը հասցեագրում է վերոնշյալ խնդիրների մի մասը: Մասնավորապես` սահմանվում է արգելք ներկայացնելու այնպիսի միջոցառումներ, որոնք մարմինների ընթացիկ աշխատանքն են: Այսինքն` գործողությունների ծրագիրը պետք է արտացոլի բացառապես Կառավարության ծրագրով ստանձնած հանձնառություններ: Առաջարկվում է միջոցառումները խմբավորվել ոչ թե ըստ մարմինների, այլ՝ ըստ նպատակների` հետևելով Կառավարության ծրագրի տրամաբանությանը, որպեսզի պարզ դառնա, թե ինչպես են պետական կառավարման համակարգի մարմինները համատեղ աշխատում նույն նպատակին հասնելու ուղղությամբ: Այսպիսով՝ փորձ է արվում նաև ներդաշնակեցնելու սույն համակարգը ռազմավարությունների նոր համակարգի հետ: Փոփոխություններով առաջարկվում է սահմանել ոչ միայն ուղղակի արդյունքի (output), այլև միջանկյալ արդյունքի (outcome) ցուցանիշներ` այդպիսով նաև ցույց տալով պետության միջամտության ազդեցությունը հանրային կյանքի վրա: Որոշմամբ սահմանվում է նաև ֆինանսավորման համար չափն ու աղբյուրը հստակեցնելու պահանջ՝ բացառելով «օրենքով չարգելված աղբյուրներ» ձևակերպումը: Ընդ որում` հնարավոր է նաև ի սկզբանե առաջարկել միջոցառման իրականացումն ապահովել պետություն-մասնավոր գործընկերության ձևաչափով` այդպիսով նաև ազդակ ուղղելով մասնավոր հատվածին:

Leave a Comment