Պաշտոններ ընդդիմության համար. արդյո՞ք կվերցնեն հասանելիքը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Պաշտոններ ընդդիմության համար. արդյո՞ք կվերցնեն հասանելիքը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Պատգամավորական մանդատները վերցնելուց հետո արդյո՞ք ընդդիմությունը կվերցնի նաև օրենքով իրեն վերապահված՝ Ազգային ժողովի փոխնախագահի և հանձնաժողովների նախագահների պաշտոնները։

Նոր ձևավորվող խորհրդարանում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 պատգամավորական տեղ։

Եթե պահպանվի նախորդ գումարման մոդելը, և ձևավորվի 12 մշտական հանձնաժողով, ապա Դոնթի բանաձևով իշխանությունը կստանա ութ հանձնաժողովի նախագահի պաշտոն, իսկ ընդդիմությանը կհասնի չորսը։

Բացի այդ, ըստ սահմանադրության՝ Ազգային ժողովի երեք փոխնախագահներից մեկը պարտադիր պետք է լինի ընդդիմությունից։ Քանի որ այս խորհրդարանում ամենամեծ ընդդիմադիր ուժը «Ուժեղ Հայաստան» դաշինքն է, հենց նրան են վերապահված խորհրդարանական այդ պաշտոնները։

Նախորդ՝ 8-րդ գումարման Ազգային ժողովում ընդդիմադիր ամենամեծ ուժը «Հայաստան» դաշինքն էր։ Այդ ժամանակ ԱԺ փոխնախագահ ընտրվեց Իշխան Սաղաթելյանը, իսկ իրեն հասանելիք հանձնաժողովի նախագահներից մեկի պաշտոնը «Հայաստան» դաշինքը փոխանցել էր «Պատիվ ունեմ» խմբակցությանը։ Այս անգամ ևս նման սցենար չի բացառվում։

Իհարկե, ընդդիմադիրները մեկ տարի էլ չպաշտոնավարեցին․ Իշխան Սաղաթելյանը պաշտոնանկ արվեց 2022-ի հուլիսի 1-ին, ապա մշտական հանձնաժողովներում «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները հրաժարական ներկայացրին՝ հրաժարվելով խորհրդարանի գործունեության ողջ ընթացքում զբաղեցնել իրենց հասանելիք տեղերը։ Ավելի ուշ պաշտոնանկ արվեց նաև «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ հանդիսացող հանձնաժողովի նախագահը։

«Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքներից մեզ փոխանցեցին․ «Քննարկումները շարունակվում են, երբ որոշում լինի, կհրապարակենք»։

«Հանձնաժողովի նախագահի և տեղակալի մասով այս պահին կարող եմ ասել, որ խմբակցության նիստ տեղի չի ունեցել․ այդ և մնացած հարցերին կարող եմ պատասխանել խմբակցության նիստից հետո»։

Մինչ այդ, «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Էդգար Ղազարյանը հիշեցնում է՝ դեռ Ազգային ժողովը պետք է որոշի, թե քանի մշտական հանձնաժողով է ձևավորվելու․

«Ազգային ժողովը նախ պետք է որոշի, թե քանի՞ մշտական հանձնաժողով է ստեղծվում, որովհետև պարտադիր չէ, որ դա լինի տասներկու․ օրենքն ասում է, որ պետք է լինի մինչև 12։ Հնարավոր է ստեղծել, ենթադրենք, 6 մշտական հանձնաժողով։ Նոր միայն քննարկվելու է, թե Դոնթի բանաձևով այդ մշտական հանձնաժողովների նախագահների տեղերն ինչպես են բաշխվում, և դրանից հետո որոշում կկայացվի՝ այդ տեղերում թեկնածու առաջադրե՞լ, թե՞ ոչ»։

Քաղաքագետ Էդգար Առաքելյանը համոզված է՝ ընդդիմությունը խորհրդարանում իր դերակատարման վերաբերյալ հիմնական որոշումները վաղուց է կայացրել։

«Ես չեմ կարծում, որ ընդդիմությունը մանդատները չվերցնելու որոշում է ունեցել և վերջին պահին է որոշել վերցնել դրանք»։

Քաղաքագետի խոսքով՝ ընդդիմության նպատակը ի սկզբանե եղել է խորհրդարանում սեփական ներկայությունն ապահովելը։

Ինչ վերաբերում է խորհրդարանական պաշտոններին, Առաքելյանը կարծում է՝ դրանք ինքնին չեն մեծացնում ընդդիմության քաղաքական ազդեցությունը։

«Էական նշանակություն չունի՝ իրենք կվերցնեն հանձնաժողովների նախագահների ու ԱԺ փոխնախագահի՝ իրենց քվոտայով նախատեսված պաշտոնները, թե ոչ, որովհետև դրանից իրենց աշխատանքի արդյունավետությունը չի լավանալու»։

Հավելենք նաև, որ նոր խորհրդարանի անդրանիկ նիստը տեղի կունենա օգոստոսին։

Մանրամասները՝ տեսանյութում։ 

 

 

Leave a Comment