Իլոն Մասկի «SpaceX» ընկերության բաժնետոմսերը նվազել են IPO-ի (նախնական հրապարակային առաջարկի) 135 դոլար գնից ցածր, ինչը վերլուծաբանների գնահատմամբ կարող է մտահոգիչ ազդանշան լինել ընկերության համար։ Նրանք նաև զգուշացնում են, որ օգոստոսի սկզբին բաժնետոմսերի գինը կարող է ենթարկվել նոր տատանումների, երբ «Nasdaq» բորսայում շրջանառվող բաժնետոմսերի ծավալը զգալիորեն կմեծանա։
«SpaceX»-ի բաժնետոմսերի արժեքը նվազել է մինչև 132,15 դոլար, սակայն առևտրային օրը փակվել է 135,27 դոլար մակարդակում։ Ընկերության արժեթղթերը շուրջ 33 տոկոսով էժանացել են հունիսի 11-ին գրանցված ռեկորդային առավելագույն ցուցանիշից հետո, որը հաջորդել էր հանրային տեղաբաշխման միջոցով 75 միլիարդ դոլարի ներգրավմանը։ Չնայած այդ անկմանը՝ «SpaceX»-ը շարունակում է մնալ Ուոլ Սթրիթի ամենաբարձր գնահատվող ընկերություններից մեկը՝ մոտ 1,8 տրիլիոն դոլար շուկայական կապիտալիզացիայով։
Թեև «SpaceX»-ի IPO-ն ԱՄՆ պատմության ամենախոշորն էր, ընկերությունը ազատ շրջանառության մեջ էր դրել բաժնետոմսերի 5 տոկոսից պակասը։ Սահմանափակ առաջարկը մեծացրել էր ներդրողների պահանջարկը և արդեն բորսայում առևտրի առաջին օրերին ընկերության գնահատականը հասցրել մոտ 2,1 տրիլիոն դոլարի։
Առաջիկա ամիսներին, սակայն, կավարտվի այսպես կոչված lock-up շրջանը, որի ընթացքում ընկերության ներսի բաժնետերերը ժամանակավորապես զրկված էին իրենց բաժնետոմսերը վաճառելու իրավունքից։ Այդ սահմանափակման վերացումից հետո շուկայում կհայտնվեն լրացուցիչ բաժնետոմսեր, ինչը կարող է մեծացնել վաճառքի ճնշումն ու գների տատանումները։
