
Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև TRIPP-ի վերաբերյալ կնքված ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագրի վավերացման մասին օրենքին։
«Սկսում ենք ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև TRIPP նախագծի շուրջ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու գործընթացը», – հայտարարեց արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ նշելով, որ կառավարությունը կդիմի Սահմանադրական դատարան:
«ՍԴ-ի կողմից նշած միջազգային պայմանագրում Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը չհակասող դրույթներ արձանագրելու որոշման պարագայում սահմանված կարգով կուղարկենք Ազգային ժողով», – ասաց Միրզոյանը:
TRIPP-ի այս համաձայնագիրը նախաստորագրվել էր ԱՄՆ պետքարտուղարի՝ Երևան կատարած կարճատև այցի ընթացքում, իսկ վերջնական ստորագրումը կայացել էր հունիսի 4-ին։
Միրզոյանը նշեց, որ «TRIPP զարգացման ընկերությունը» կստանա հողօգտագործման, կառուցապատման իրավունք այս գոտիներում, և այս իրավունքը կգործի նախնական 49 տարով. «Այս ժամկետում ընկերությունում բաժնեմասերը կբաշխվեն հետևյալ կերպ՝ ԱՄՆ-ին կպատկանի բաժնեմասերի 74 տոկոսը, Հայաստանին կպատկանի բաժնեմասերի 26 տոկոսը։ 49 տարին լրանալուց հետո հնարավորություն կա կողմերի համաձայնությամբ երկարաձգել համաձայնության ժամկետը ևս 50 տարով, և այս դեպքում կապահովվի, որ ՀՀ-ն ունենա ընկերության բաժնեմասերի 49 տոկոսը»։
Արտգործնախարարն ընդգծեց՝ «Հայաստանը կպահպանի իր լիարժեք ինքնիշխանությունն ու լիիրավ իրավազորությունը պետական սահմանի կառավարման, սահմանային վերահսկողության, մաքսային վարչարարության և ՀՀ տարածքում իրականացվող մաքսային բոլոր գործընթացների նկատմամբ»։
«Հայաստանն իր ներպետական օրենսդրությամբ, միջազգային համաձայնագրերին համահունչ, կշարունակի պատասխանատու լինել հետևյալի համար՝
- Անվտանգություն և իրավապահ գործունեություն,
- Սահմանային վերահսկողություն ու սահմանային անվտանգություն,
- Մաքսային և միգրացիոն վերահսկողություն,
- Հարկերի ու տուրքերի փոխանցում պետական բյուջե և պետական տեղեկատվական համակարգեր,
- Պետական վարչական գործառույթներ և վերահսկողություն»,- ներկայացրեց Արարատ Միրզոյանը։
Նախօրեին էլ բրիտանական The Guardian-ը հայտնել էր, որ Հայաստանով անցնող TRIPP + առևտրային հիմնադրամը կղեկավարի ԽՍՀՄ-ում ծնված, Չիկագո տեղափոխված ամերիկացի ներդրող Կոնստանտին Սոկոլովը: Ըստ պարբերականի, ԱՄՆ Պետդեպարտամենտը հաստատել է այս նշանակումը անցած ուրբաթ: