Գրական Ակնարկ. Ալիսիա Կիրակոսեանի Գրականութիւնը

ԳՐԻՇ ԴԱՎԹԵԱՆ

Սպանահունչ այն հռչակուած բանաստեղծուհին է, որ գրաւած լինելով սպանախօս ժողովուրդների սիրտը եւ արժանացած լինելով բազմաթիւ մրցանակների ու մեծարանքների, նախ թարգմանաբար, ապա արդէն հեղինակաբար հնչում է հայաղօղանջ: Նրա բանաստեղծութիւնները սպաներէն, ապա անգլերէն, նաեւ ստեղծագործուեցին հայերէնով: Դա մեծ տեղաշարժ էր հեղինակի ու հայ ընթերցողի փոխյարաբերութեան մէջ, ըստ որում, դա սկսեց տեղի ունենալ թարգմանչի չմիջնորդուածութեամբ, այլ ուղղակի, հեղինակային հայերէնով, որպէս ստեղծագործութիւն: Թէ տուեալ ստեղծագործութիւնը իր նախնական մտապատկերային եւ բառամտածողութեան վիճակում ի՞նչ լեզուով է իր սաղմնային գոյառոյթը ստացել, հետաքրքրական չէ. դրա բացայայտումը այլեւս կը լինի փսփսուքային մանրուք: Բուն խնդիրը ստեղծագործութիւնն է: Ալիսիա Կիրակոսեանը հեղինակային անհատականութեամբ պատկանում է արժանթինեան, ամերիկեան եւ հայկական եռամշակոյթներին:

Քսաներորդ դարի եօթանասունական թուականներից սպանական աշխարհատարած ծաւալում եւ արդէն հանրայայտ ճանաչում նուաճած` նա ներխուժեց հայոց բանաստեղծութեան գեղաշխարհը, Հայաստանից` սփիւռք, հայաստանցի չլինելով հանդերձ. հիմնականում, հայրենի բանաստեղծ Վահագն Դաւթեանի վարպետ թարգմանութեամբ: Մի շարք ակնառու տուեալներով, Ալիսիա Կիրակոսեանը ընթացիկ հայ գրականութեան մէջ վաստակել է իր արժանաւոր ու անզիջելի բարձունքը: Նրա սպաներէն բանաստեղծութիւնների մի գրքի շապիկը նկարազարդել է աշխարհահռչակ գեղանկարիչ եւ քանդակագործ Փապլօ Փիքասոն:

Ա. Կիրակոսեանը բանաստեղծական խոհաշխարհով ըմբռնում է կեանքը` տիեզերական զանգուածեղութեամբ, ուր խորանում է` իր մարդկային սահմանափակ փորձառոյթների պարոյրով, հարցախուզութեամբ, բողոքներով, խոստովանութիւններով, աղօթքների ու աղերսանքների մրմունջներով, վախերի ու ցաւերի կտտանքներով, երազների ու բաղձանքների մաղթանքներով, յարատեւ ամրացող հաւատքով. միաժամանակ` քննարկումների ու վերլուծութիւնների մարգարտաշարով: Բանաստեղծական մենախօսութեան մի խոհամարտ, կեանքի ընդմիջից մինչեւ աստուածային ամենաբովանդակութիւնը… նուաճելու ստեղծագործողի հասունութիւն, շահելու ընթերցողին, որպէս հեղինակային հուսկ նպատակ: Նա իր բանաստեղծական մտածողութեամբ աւելի արագ է սուրում, քան ժամանակը, որ քարշ է գալիս հետքից, ոտքերին կառչած: Նրա բանաստեղծական մտորումը թեւեր ունի, թռչում է: Իմաստային ու առնչական իմաստով նա գերտարածական բանաստեղծութեան է հասել բազմագոյ էութիւնների ներսեփականումով: Նախ զգում, մտապատկերում է, ապա բառակերտում է` որպէս ստեղծագործութիւն, որպէս երկ ու բանաստեղծութիւն, որպէս կեանքի ալիսիական արտացոլում մանրահամատիեզերական երկարութեամբ, լայնութեամբ ու խորութեամբ, բովանդակութեամբ… Նա բազմաէակ անհատականութիւն ունի. ներհայեցողութեամբ արդէն դառնում է երկու էակ. մէկը, որ նայում, զննում է իր ներաշխարհը` որպէս մի գոյ էակ. միւսը, որ ներաշխարհն է` որպէս մի առանձին գոյ էակ: Այդ երկու էակների մասին մտորելը, զգալը նա կատարում է տակաւին մի երրորդ, անկախ էակի միջոցով, որի հետ հարցազրոյցի, կամ քննախուզութեան է մտնում եւս մի այլ գոյ էութեան միջոցով: Այդպիսով է նա մէկ կեանքին պարգեւում բազմակի գոյութիւն: Ի հարկէ` կարծեցեալ: Այդ բազմակի գոյութիւնների փոխյարաբերութիւններով նա հասնում է գերտարածականութեան: Այդպիսով է ծնւում նրա գերտարածական բանաստեղծութիւնը` ինքնալրումի փուլեր բոլորելով: Նրա ստեղծագործութիւնների գեղարուեստական, մտապատկերային համակարգը իւրայատուկ է: Գերտարածական համեմատութիւններով ու բնորոշումներով կարելի է նրան հոգեհարազատ համարել Նարեկացու հետ` ընթացիկ արդիականութեամբ: Որպէս ստեղծագործող` նախ ընկալում է իր տեսած աշխարհը, կուտակում է իր մէջ, ապա ներհայեցողութեամբ արտացոլում է բանաստեղծութեամբ, որ հաւատացած է` կեանքի նկարկենն է, կենդանագիրը: Այլեւ խորքով ու իմաստային գերտարածութեամբ է ընկալում բառը, դրա կարեւորութիւնը հաղորդակցուելու ընդկեանքի, կեանքի ու գերկեանքի հետ: Տարածութիւնների ենթակայական բաշխումներ: Հաւատում է հոգու անմահութեանը, վերմարդեղութեանը` Շամիրամից մինչեւ Կղէոպատրա… մինչեւ Ալիսիա Կիրակոսեան:

Նա հմայուած է մայրութեան աշխարհով. նրա մայրերգութիւնը պարզ ձօն չէ մայրութեան, այլ նաեւ մօր կողմից` վասն զաւակի սիրոյ ու նուիրուածութեան, զաւակի մայրստեղծութեան հրաշքի փառերգութիւն է, իւրովի մտապատկերած, երեւոյթի ընկալման գիւտուած նորութեամբ: Իւրովսանն սփիւռքահայի անհատականութեամբ է վերաբերւում մեր ազգային ու հայրենական սրբութիւններին, որոնց հետ հարազատ է ու մերձ` դարերի վաղեմութեամբ. օրհներգում է արդի ու ընթացիկ վերահանդիպումը` նախկին, վաղնջական հարազատի ջերմութեամբ, գերտարածական վերմարդեղութեամբ:

Իւրաքանչիւր խորագրի տակ նրա բանաստեղծութիւնները յաճախ չեն հասնում մի գերագոյն աւարտի, այլ մի տեսակ մերւում են անվերջանալիութեան, անսահմանութեան հետ, աստղունքով ընդմիջուած, որոնք երգուած նիւթի գերտարածումն են բնորոշում: Նրա բանաստեղծութիւնը յագեցած է մի խորհրդաւոր ներշնչումով եւ դիպչում է ընթերցողի այնպիսի զգացումներին, որոնք համարւում են սրտի գաղտնարանում պահուած ներանձնական ծաւալ:

Նա ժամանակին ըստ արժանւոյն ներկայացուել եւ ընդունուել է, որպէս Նոպելեան մրցանակի թեկնածու: Եթէ պատահի, որ արդարութիւնը եւ ճշմարտութիւնը համընկնեն այս տարի, ուրեմն պէտք է հաւատալ Նոպելեան տուչութեան արդար ու ճշմարիտ յատկութեանը, ու մերժել որեւէ քաղաքադիւանագիտական նկատառումների ներգործութիւն, որ հայոց դէպքում չգոյ է:

Լոս Անճելեսում, կեանքի 78-րդ տարում, մահացաւ բանաստեղծուհի Ալիսիա Կիրակոսեանը. նա ծնուել էր 1936 յուլիսի 13-ին, Արժանթինի Քորտոպա քաղաքում: Ալիսիա Կիրակոսեանը գրել է սպաներէն, իտալերէն, յետոյ նաեւ` հայերէն եւ անգլերէն: Նա ծնուել է վանեցի Գուրգէն Կիրակոսեանի ընտանիքում: Սովորել է Պուէնոս Այրեսի Ազգային համալսարանի իրաւաբանական բաժանմունքում, 10 տարի խաղացել է արժանթինեան թատրոնում` որպէս դերասանուհի: Միացեալ Նահանգներում բնակւում էր 1971-ից: ԱՄՆ-ի սպանախօս գրողների միութեան պատուաւոր նախագահն էր: Կիրակոսեանի բանաստեղծութեան նիւթերի առանցքն են կազմում սէրը, մայրութիւնը, հայրենիքը եւ փիլիսոփայական խոհը:

Սպաներէն եւ իտալերէն ժողովածուներն են` «Մէկ օր, հինգ ձայն» 1966 թ., «Էութիւն եւ կէտադրութիւն» 1967 թ., «Փետրօ Ամոր» 1969 թ., «Ժամանակի, սիրոյ, խաղաղութեան մէջ» 1970 թ., «Հայաստանեան ապրումներ» 1970 թ., «Երկունքի ոլորտ» 1972 թ., «Հակաշխարհ» 1972 թ., «Մոխիրներից յետոյ եւ նամակ առ Հայաստան» 1972 թ., «Մայրութեան քերթուածներ» 1989 թ.:

Նրա «Փետրօ Ամոր» թատրերգութիւնը ներկայացուել է Պուէնոս Այրեսի «Պայրօ» թատրոնում: Հայերէն լոյս են տեսել նրա «Արմատ եւ էութիւն» 1967 թ., «Նամակ առ Հայաստան» 1979 թ., «Խորան I» 1992 թ., «Խորան II» 1992 թ., «Ամբողջական երկեր» 2005 թ.: Ներառուած են «Հարցազրոյց Աստծու հետ», «Սիրոյ մէկուկէս հազարամեակ» գրքերը: Եռալեզու հրատարակուել է «Բանաստեղծութիւն եւ գերտարածութիւն» 1994 թ., «Խաղաղութիւն քուանթային» 2005 թ., անգլերէն «Սէր եւ մայրութիւն բառերից այն կողմ» 1992 թ., «Մտորում բառից այն կողմ» 1992 թ., «Արմատ բառից այն կողմ» 1992 թ., «Բեմ երկնքի համար» 1992 թ. գրքերը:

Կիրակոսեանը գերտարածական կոչուող բանաստեղծական շարժման հիմնադիրն է. տեսութիւնը հրապարակել է սպաներէն, հայերէն եւ անգլերէն 1992 թ.-ին: Նրա քերթողութիւնը բնորոշւում է` անհատի ներաշխարհի պատկերներով, արդիական լեզուամտածողութեամբ, բանաստեղծական վերաիմաստաւորումների ինքնատիպութեամբ: Իր վերջին շրջանի գործերում անդրադարձել է դարավերջի հայաստանեան պատմական իրադարձութիւններին: Սպաներէնի է թարգմանել Րաֆֆու «Խենթը»: Բազմիցս այցելել է Հայաստան: Պարգեւատրուել է Խաչատուր Աբովեանի անուան մրցանակով: ՀՀ ԳԱԱ պատուաւոր դոկտոր է ընտրուել 2007 թ.-ին: Դուստրը` Լարան` ծնուած 1973 թ.-ին, անգլիագիր բանաստեղծուհի է:

 

 

 

Leave a Comment