ՌԴ-ում միգրանտներին կարող են պարտավորեցնել հատուկ հեռախոս գնել – armeniatoday.am

Ռուսաստանում երկարաժամկետ բնակվելու կամ աշխատելու նպատակով ժամանող օտարերկրյա քաղաքացիներին կարող են պարտավորեցնել ձեռք բերել միգրանտի էլեկտրոնային պրոֆիլով բջջային հեռախոս։ Այդ մասին հայտարարել է ՌԴ Ներքին գործերի պետքարտուղար, նախարարի տեղակալ Իգոր Զուբովը։

Զուբովի խոսքով՝ հեռախոսը կդառնա օտարերկրյա քաղաքացիների երկրում գտնվելու վերահսկման համակարգի մի մասը։ Էլեկտրոնային պրոֆիլի միջոցով ՆԳՆ-ն կկարողանա հետևել միգրանտների գտնվելու վայրին և վերահսկել նրանց բնակության վայրի փոփոխությունը։

«Նա չի կարողանա առանց վերահսկողության մի բնակավայրից մյուսը տեղափոխվել կամ փոխել իր գտնվելու վայրը։ Սա կլինի համակարգի հիմքը»,- նշել է պաշտոնյան։

Նա հավելել է, որ հեռախոսի միջոցով ՆԳՆ-ն կկարողանա նաև կապ պահպանել օտարերկրյա քաղաքացիների հետ միգրացիոն հաշվառման հարցերով՝ տեղեկացնելով փաստաթղթերի գործողության ժամկետի ավարտի կամ պետական մարմին դիմելու անհրաժեշտության մասին։

Հուլիսի 8-ին ՌԴ Պետդուման ընդունել էր օրենք, որով խստացվել են աշխատանքային միգրանտների նկատմամբ պահանջները։ Օրենքի ուժի մեջ մտնելուց հետո օտարերկրացիները պետք է հաստատեն, որ ունեն բավարար եկամուտ՝ իրենց և ընտանիքի անդամներին պահելու համար։ Հակառակ դեպքում նրանց կարող են չերկարաձգել աշխատանքի արտոնագիրը կամ աշխատանքի թույլտվությունը։

Վերջին ամիսներին Ռուսաստանի իշխանությունները հետևողականորեն խստացնում են միգրացիոն օրենսդրությունը՝ օտարերկրյա քաղաքացիների համար սահմանելով նոր պահանջներ բժշկական զննության, եկամուտների, փաստաթղթերի և պետական տուրքերի վերաբերյալ։

Մայիսին Hetq.am-ը հայտնել էր, որ Ռուսաստանում աշխատելու նպատակով մեկնող Հայաստանի քաղաքացիների թիվը կրճատվել է մոտ 30%-ով։

Leave a Comment