Պատերազմի և թշնամու հետ բանակցությունների վերաբերյալ որոշումները կայացնում է Իրանի գերագույն առաջնորդը՝ ազգային շահերից ելնելով։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության միապալատ խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը՝ Իրանի ժողովրդին ուղղված իր ուղերձում։
«Պատերազմի և թշնամու հետ բանակցությունների միջև գիծը որոշվում է ազգային անվտանգության և շահերից ելնելով, և այս գործիքներից յուրաքանչյուրը կիրառելու որոշումը … գտնվում է Գերագույն առաջնորդի և զինված ուժերի գերագույն հրամանատարի իրավասության շրջանակներում», – ասվում է Ղալիբաֆի Telegram ալիքում հրապարակված տեքստում։
Նրա խոսքով՝ «հաղթանակի և ազգի իրավունքների իրականացման ուղին կայանում է ղեկավարության հրահանգներին հետևելու և դիմադրության, ռացիոնալության և բոլոր պաշտպանական ու դիվանագիտական հնարավորությունների խելամիտ օգտագործման վրա հիմնված հստակ ճանապարհային քարտեզով շարժվելու մեջ»։
Հուլիսի 8-ին, Վաշինգտոնի և Թեհրանի միջև հուշագրի ստորագրումից ի վեր առաջին անգամ, ԱՄՆ զինված ուժերը մի քանի հարվածներ են հասցրել Իսլամական Հանրապետության տարածքում՝ ենթադրաբար ի պատասխան Հորմուզի նեղուցում առևտրային նավի վրա հարձակման։ Նույն օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանի հետ հրադադարի դադարեցման մասին: Ի պատասխան՝ Թեհրանը սկսել է հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան թիրախներին, այդ թվում՝ Բահրեյնին, Քուվեյթին, ԱՄԷ-ին, Օմանին, Կատարին և Հորդանանին: