ԵՄ-ում չեն համաձայնեցրել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը – armeniatoday.am

Եվրամիության անդամ երկրների դեսպանները չեն կարողացել համաձայնության հասնել Ռուսաստանի դեմ 21-րդ պատժամիջոցների փաթեթի շուրջ, որը նախատեսված է Ուկրաինայի դեմ պատերազմի պատճառով սահմանվող սահմանափակումների շրջանակում, Reuters-ին հայտնել է եվրոպացի դիվանագետը։

Դիվանագետի խոսքով՝ ռուսական նավթի գնի առավելագույն շեմը՝ մեկ բարելի դիմաց 44,10 դոլարը, կմնա անփոփոխ առնվազն մինչև հուլիսի 23-ը։ Այդ ընթացքում ԵՄ երկրները կշարունակեն բանակցությունները Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթի շուրջ։

ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասն ավելի վաղ հայտարարել էր, որ անդամ երկրները դեռևս չեն կարողացել համաձայնության հասնել 21-րդ փաթեթի շուրջ։

Լիտվայի արտգործնախարար Կեստուտիս Բուդրիսը նշել է, որ ԵՄ երկրները դեռևս ընդհանուր դիրքորոշում չունեն նաև ռուսական հեղուկացված բնական գազի (LNG) նկատմամբ սահմանափակումների խստացման հարցում։

Եվրահանձնաժողովը 21-րդ պատժամիջոցների փաթեթն առաջարկել էր հունիսին։ Այն ուղղված է Ռուսաստանի բանկային համակարգի, կրիպտոարժույթների ցանցերի, անօդաչու թռչող սարքերի արտադրության, ինչպես նաև նավթի առևտրով զբաղվող ընկերությունների և նավթավերամշակման ոլորտի դեմ։

Կարդացեք նաև՝ 

ԵՄ-ն երկարաձգել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների ժամկետը

Leave a Comment