Եգիպտոսի իշխանությունները հայտարարել են երկու խոշոր հնագիտական հայտնագործության մասին, որոնցից մեկը երկրի արևմտյան անապատում հայտնաբերված Բյուզանդական դարաշրջանի լավ պահպանված բնակավայրն է։
Հայտնագործությունները կատարվել են Դախլայի օազիսում և Ալեքսանդրիայի մերձակայքում գտնվող Մարինա էլ-Ալամեյն հնագիտական վայրում։ Եգիպտոսի կառավարությունը հույս ունի, որ դրանք կխթանեն երկրի զբոսաշրջությունը, որի կարևոր ուղղություններից մեկը պատմամշակութային հուշարձանների այցելությունն է։
Զբոսաշրջությունը, Սուեզի ջրանցքի հետ միասին, Եգիպտոսի արտարժույթի հիմնական աղբյուրներից է։
Եգիպտոսի զբոսաշրջության և հնությունների նախարարության տվյալներով՝ Դախլայի օազիսում կատարված պեղումները նոր տեղեկություններ են բացահայտել մ.թ. IV դարի բնակիչների առօրյայի, քաղաքաշինության և տնտեսական գործունեության մասին։ Այդ ժամանակ Եգիպտոսը Բյուզանդական կայսրության կազմում էր։
Հնագետները հայտնաբերել են բնակելի թաղամասեր՝ հյուսիս-հարավ և արևելք-արևմուտք ուղղություններով ձգվող փողոցներով, որոնք հատվելով ձևավորել են հրապարակներ և հանրային տարածքներ։
Պեղումների ղեկավար Մահմուդ Մասուդի խոսքով՝ բնակավայրի կենտրոնում գտնվում է IV դարի կեսերին կառուցված բազիլիկ տիպի եկեղեցի, որը նայում է գլխավոր փողոցներին։ Հայտնաբերվել են նաև երկու դիտաշտարակների ավերակներ, որոնք, ենթադրաբար, ծառայել են բնակավայրի արտաքին սահմանների պաշտպանությանը։
Դախլայի օազիսը գտնվում է Եգիպտոսի արևմտյան անապատում՝ Նոր հովիտ (New Valley) նահանգում։ Այն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում, ինչը կարևոր քայլ է Համաշխարհային ժառանգության հիմնական ցանկում ներառվելու ճանապարհին։
