Օձերն ակտիվացել են. ինչպես խուսափել վտանգից (ՏԵԱԱՆՅՈՒԹ)

Օձերն ակտիվացել են. ինչպես խուսափել վտանգից (ՏԵԱԱՆՅՈՒԹ)

Ամառվա շոգ օրերին աճում է օձերի ակտիվությունը, դրա հետ մեկտեղ՝ նաև քաղաքացիների ահազանգերը։ Միայն այս տարվա առաջին կիսամյակում Փրկարար ծառայությունը ստացել է 629 ահազանգ։ Սա նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 74-ով ավելի է։ Ամենաշատ կանչերը գրանցվել են Երևանում՝ 268 դեպք։

Ներքին գործերի նախարարության փրկար ծառայության ներկայացուցիչ Վահե Գևորգյանի խոսքով՝ ահազանգը ստանալուց մեկ րոպե անց խումբը պատրաստ է մեկնել դեպքի վայր։ Խմբում ընդգրկված են վարորդ-փրկարարը, խմբի պետը և ընդհանուր պրոֆիլի փրկարարը, որոնք բոլորը վերապատրաստված են նաև օձ բռնելու աշխատանքների համար.

«Արտառոց տենդենց չի նկատվում։ Միակ շեղումը նա է եղել, որ ուղղակի օձերի կանչերը մի փոքր ուշ են սկսվել։ Եղանակային պայմաններից ելնելով օձերի կանչերի մայիս ամսվանից պետք է լիներ, հունիս – հուլիս ամիս է եղել»։

Փրկարարներն ասում են՝ իրենց ամենամեծ խնդիրը ոչ թե օձն է, այլ երբ քաղաքացին փորձում է ինքնուրույն բռնել կամ սպանել սողունին։ Այդ ընթացքում օձը կարող է թաքնվել, և որոնումները ժամերով շարունակվեն.

«Ընթացքում, եթե քաղաքացու հետ կապ եմ հաստատում, զգուշացնում եմ, որ ուշադիր լինեն, չմոտիկանան, չփորձեն ինքնուրույն որևէ գործողություն անել, որովհետև  իրենք չեն տարբերում օձի տեսակները, այսինքն՝ ի՞նչ օձ է՝  վտանգավոր թունավոր ա. թունավոր չի»։

Մայրաքաղաքում առավել հաճախ հանդիպում են գյուրզա, սահնոց և լորտու տեսակի օձեր։ Թեպետ գյուրզան թունավոր է, մասնագետները հիշեցնում են՝ օձերը մարդկանց վրա չեն հարձակվում առանց պատճառի.

«Օձերին տեսնելիս, մարդը կարող է հանգիստ կանգնի՝ առանց տեսադաշտից թողնելու էդ կենդանուն, հետ-հետ գնա ու խուսափի։ Օձը առաջինը ինքն է խուսափելու հանդիպումից և ինքն է արագ հեռանալու»։

Օձը կծում է միայն այն ժամանակ, երբ իրեն վտանգված է զգում։ Այդ պատճառով մասնագետները խորհուրդ են տալիս չփորձել բռնել կամ սպանել սողունին։

Փրկարարների խոսքով՝ ոչ բոլոր ահազանգերի դեպքում է հաջողվում հայտնաբերել օձին։ Մինչ խումբը հասնում է դեպքի վայր, կենդանին հաճախ արդեն հեռացած է լինում։

Չհայտնաբերելու դեպքում՝ քաղաքացուն հորդորում են ուշադիր լինել, նորից տեսնելու դեպքում զանգել փրկարար ծառայություն.

«Գարնանը իրանք ամբողջ օրվա ընթացքում կարող է դրսում լինեն, որտեղ ջերմաստիճանը որոշակի 25–26 աստիճան է։ Իսկ ամռան շոգ ամիսներին՝ հուլիս-օգոստոս ամիսներին, իրանք ակտիվության 2 պիկ ունեն։ Ասենք՝ առավոտ շուտ մինչև ժամը 10-11, և երեկոյան ժամերին, նույնիսկ գիշերային կենսակերպ կարող է վարեն»։

Հենց այդ պատճառով մասնագետները խորհուրդ են տալիս հատկապես առավոտյան և երեկոյան ժամերին զգույշ լինել այգիներում, ջրերի և աղբյուրների հարևանությամբ, ինչպես նաև ստվերոտ վայրերում։

«Թունավոր օձերի կծելու դեպքում ոնց որ պատկերացրեք 10 հատ մեղու նույն տեղում կծի։ Օձի կծելու դեպքում 10 անգամ ավելի ուժեղ ցավ է առաջանում»։

Եթե, այնուամենայնիվ, օձը կծել է, ամենակարևորը խուճապի չմատնվելն է։

Մասնագետը հիշեցնում է՝ չի կարելի վերքը կտրել, այրել, ամրակապ դնել կամ ալկոհոլ օգտագործել։ Տուժածին պետք է հնարավորինս քիչ շարժել, ապահովել հանգիստ վիճակ և արագ տեղափոխել բժշկական կենտրոն։

Իսկ փրկարարների աշխատանքը դրանով չի ավարտվում։ Բռնված օձերը ոչ թե ոչնչացվում, այլ տեղափոխվում են բնակավայրերից հեռու՝ անվտանգ բնական միջավայր։

Բռնելու դեպքում օձերը տեղափոխվում են անվտանգ, ամայի տարածք, որտեղ բնակչություն չկա, որպեսզի մարդկանց համար վտանգ չներկայացնի և շարունակի ապրել իր բնական միջավայրում»։

Օձերի ակտիվ շրջանը կշարունակվի մինչև եղանակի զգալի սառեցումը։ Փրկարարներն ու սողունաբանները մեկ խորհուրդ ունեն բոլորի համար՝ օձ տեսնելու դեպքում չփորձել հերոսություն անել, այլ անմիջապես զանգահարել 112 հեռախոսահամարին։

Մանրամասները՝ տեսանյութում։ 

Leave a Comment