Նույն օրը, երբ Սիբիգան անոնսավորել է Կիև Ֆիդանի այցը, Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Թուրքիային կոչ է արել Սև ծովում Ուկրաինայի «ահաբեկչություններին համարժեք պատասխան տալ»։ Լավրովը Անկարային հիշեցրել է, որ Ուկրաինան թիրախավորել է նաև Ռուսաստան-Թուրքիա «Կապույտ հոսք» գազատարը։
Թուրքիա-Ուկրաինա ազատ առեւտրի մասին համաձայնագրի վավերացումը վկայում է, որ կողմերը նպատակադրված են զարգացնել և խորացնել առևտրատնտեսական կապերը։ Թուրքիան ռուս-ուկրաինական պատերազմի առաջին ամիսներին Ուկրաինային «Բայրաքտար» ԱԹՍ-եր է մատակարարել, հետագայում կողմերը անօդաչուների համատեղ արտադրություն են սկսել։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Պեսկովը Ուկրաինայի հարցում Իլհամ Ալիևի դիրքորոշումը «սխալ» է որակել, բայց հավելել է, որ Ռուսաստանը «նախընտրում է պրագմատիկ մոտեցում ունենալ»։ Ըստ երևույթին, նույնը վերաբերում է նաև Թուրքիային կամ ասված է հենց Անկարայի համար։
Իրականում, մինչդեռ, Ֆիդանի Կիև այցը վկայում է, որ Թուրքիան Ուկրաինայի հետ հետագա մերձեցման ընտրություն է կատարել։ Հատկանշական է, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Ուկրաինա է մեկնում ՆԱՏՕ-ի գագաթաժողովից մեկ շաբաթ հետո։ Հյուսիս-ատլանտյան դաշինքի անդամ երկրների առաջնորդները վերահաստատել են Ուկրաինային իրենց ամուր աջակցությունը։
Թուրքիան հետագա ի՞նչ աջակցություն է ցուցաբերելու Ուկրաինային, այդ մասին, ամենայն հավանականությամբ, հրապարակային հայտարարություններ չեն արվի։ Էական է, որ ռուս-ուկրաինական հակամարտության հարցում պաշտոնական Անկարան բացահայտել է իր ընտրությունը՝ Թուրքիան եվրաատլանտյան ընկերակցության մաս է։
Անկարայի այդ քայլը, անկասկած, պայմանավորելու է նաև Բաքվի, իսկ որոշ առումով՝ նաև Կենտրոնական Ասիայի թուրքախոս պետությունների դիրքորոշումը։ Մեծ է հավանականությունը, որ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը վերափոխվի «թուրքական աշխարհի» հակառուսաստանյան համախմբման։
Կարդացել են
1 անգամ