Նեթանյահուն սպառնացել է աննախադեպ հզոր հարված հասցնել Իրանին, եթե վերջինս հարձակվի Իսրայելի վրա

Իսրայելը պատրաստ է ցանկացած սցենարի՝ Իրանի շուրջ նոր լարվածության ֆոնին։ Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ սպառնալով Իսլամական Հանրապետությանը աննախադեպ հզոր հարվածով, եթե այն առաջինը հարձակվի իր երկրի վրա։

«Մենք պատրաստ ենք ցանկացած սցենարի։ Ես կարող եմ ձեզ միայն մեկ բան ասել, և ես կասեմ սա Իրանի առաջնորդներին՝ մի սպասեք, որ ամեն ինչ հանգիստ կընթանա, եթե դուք հարձակվեք մեզ վրա։ Մի սպասեք կրկնության։ Որովհետև կրկնություն չի լինի, և այն, ինչ տեղի ունեցավ, արդեն բավականին հզոր էր։

Սա (հնարավոր նոր հարվածը) կլինի ինչ-որ այլ բան, շատ ավելի հզոր»,-պնդել է նա Իսրայելի հարավային Դիմոնա քաղաքում կայացած համաժողովում, որտեղ գտնվում է Իսրայելի ազգային միջուկային հետազոտությունների կենտրոնը։ Վարչապետի խոսքերը տարածվել են նրա գրասենյակի կողմից։

«Անցել են այն ժամանակները, երբ ինչ-որ մեկը մեզ վնասում էր, և մենք նույն կերպ չէինք պատասխանում։ Մենք սա արեցինք Իրանի «չարիքի առանցքի» հետ, և նույնը կանենք յուրաքանչյուրի հետ, ով մեզ վնասում է։ Հենց դա էլ մենք անում ենք», – հավելել է Նեթանյահուն։

Leave a Comment