Ինչպե՞ս ընտրել անվտանգ միրգ և բանջարեղեն․ ՍԱՏՄ-ի խորհուրդները


Ամռանը բնական ճանապարհով հասած մրգերը, հատապտուղներն ու բանջարեղենը պարունակում են առավելագույն քանակությամբ վիտամիններ, հանքանյութեր և հակաօքսիդանտներ, որոնք ապահովում են մեր օրգանիզմի պահանջները՝ ամրապնդելով իմունային համակարգը:


 


Սեզոնային մրգերի, հատապտուղների և բանջարեղենի օգտագործումն առողջ և բալանսավորված սննդակարգի հիմքն է, և Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետները խորհուրդ են տալիս բանջարեղեն և միրգ ընտրելիս հետևել մի շարք պարզ կանոնների՝ այդպիսով նվազագույնի հասցնելով աղիքային վարակիչ հիվանդությունների սեզոնային բռնկումները․


– մրգերն ու բանջարեղենը ձեռք բերեք միայն հաստատված և վերահսկվող վաճառակետերից,


– անհրաժեշտության դեպքում պահանջեք մթերքի որակն ու անվտանգությունը հաստատող փաստաթղթեր,


– ուշադրություն դարձրեք վաճառողի անձնական հիգիենային,


– ստուգեք վաճառքի վայրի և հարակից տարածքի սանիտարահիգիենիկ վիճակը։


 


Գնումներ կատարելիս ուշադրություն դարձրեք մթերքի արտաքին տեսքին, գույնին և հոտին։ Պտուղները պետք է ունենան տվյալ տեսակին բնորոշ գույն, լինեն ամբողջական, առանց փչացման, նեխման կամ կեղևի վնասվածքների նշանների։ Հասուն և որակյալ պտուղները սովորաբար առանձնանում են հաճելի և բնական բույրով։


 


Հիշեցնենք՝ արգելվում է վաճառել նեխած, փչացած կամ վնասված կամ օգտագործման համար ոչ պիտանի բանջարեղեն և միրգ։


Օգտագործելուց առաջ պտուղները մանրակրկիտ լվացեք հոսող ջրի տակ։


 


Մի մոռացեք նաև անձնական հիգիենայի մասին․ լվացեք ձեռքերը ուտելուց առաջ, դրսից տուն վերադառնալուց և կենդանիների հետ շփվելուց հետո։


 


Պահպանեք մրգերի, բանջարեղենի և հատապտուղների պահման պայմանները, ճիշտ ջերմաստիճանը՝ թարմությունն ու անվտանգությունը երկար պահելու համար։


 


Պտուղ բանջարեղենի ճիշտ ընտրությունը և հիգիենայի մի շարք պարզ կանոնների պահպանումը կօգնեն օգտվել սեզոնային մթերքների օգտակար հատկություններից՝ առանց վարակիչ հիվանդությունների սեզոնային բռնկումների ռիսկերի։


 


 


 




Կարդացել են
1 անգամ

Leave a Comment