Ո՞ւմ է մտահոգում հազարավոր մարդկանց ճակատագիրը


Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Երեկվա լրահոսում հատկապես երկու պատկեր էին առանձնանում։ Մի կողմից՝ «Մուլտի Գրուպի» կազմում գործող, գործունեությունը դադարեցրած ընկերությունների աշխատակիցների բողոքի ակցիաները, մյուս կողմից՝ Տավուշի լեռներում ու անտառներում արշավական հանդերձանքով, քայլարշավի ձողերով շրջող Նիկոլ Փաշինյանը։

Այս երկու պատկերները շատերի համար դարձան վերջին շաբաթների իրադարձությունների խորհրդանիշը։ Մի կողմում մարդիկ են, որոնք պահանջում են աշխատանք և փորձում են հասկանալ, թե ինչ է լինելու իրենց վաղվա օրը, մյուս կողմում՝ երկրի ղեկավարը, որն արձակուրդում է։

Վերջին օրերին, տարբեր գնահատականներով, Գագիկ Ծառուկյանին առնչվող մի շարք ընկերությունների գործունեության դադարեցման հետևանքով հազարավոր քաղաքացիներ զրկվել են աշխատանքից։ Խոսվում է շուրջ 7000 աշխատակցի մասին, իսկ եթե հաշվի առնենք նաև նրանց ընտանիքների անդամներին, ապա ստեղծված իրավիճակն անմիջականորեն անդրադառնում է մի քանի տասնյակ հազար մարդու սոցիալական վիճակի վրա։

Այս մարդիկ մեկ օրում կանգնել են լուրջ անորոշության առաջ։ Շատերի համար աշխատավարձը ընտանիքի հիմնական եկամտի աղբյուրն էր, և այժմ նրանք ստիպված են մտածել, թե ինչպես են հոգալու առօրյա ծախսերը, վճարելու կոմունալ ծառայությունների, վարկերի կամ այլ պարտավորությունների դիմաց։

Խնդիրը միայն այդքանով չի սահմանափակվում։ Փակված կամ գործունեությունը դադարեցրած ընկերությունների հետ համագործակցող բազմաթիվ այլ կազմակերպություններ նույնպես հայտնվել են դժվար իրավիճակում։ Տնտեսական շղթայում յուրաքանչյուր նման փոփոխություն իր ազդեցությունն է թողնում բազմաթիվ բիզնեսների և դրանց աշխատակիցների վրա, ինչի հետևանքով վնասների շրջանակը զգալիորեն ընդլայնվում է։

Միևնույն ժամանակ շարունակում են քննարկվել նաև Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում առկա լարվածության տնտեսական հետևանքները։ Գյուղատնտեսական արտադրանքով զբաղվողները, բեռնափոխադրողները և արտահանողները շարունակում են բախվել տարբեր խնդիրների, որոնք, ըստ ոլորտի ներկայացուցիչների, զգալի ֆինանսական կորուստների պատճառ են դարձել։

Այս ամենի ֆոնին հանրության մի մասի համար տարակուսելի է այն հանգամանքը, որ երկրի ղեկավարը գտնվում է արձակուրդում և հանրային օրակարգում առավել հաճախ հայտնվում է ոչ թե տնտեսական կամ սոցիալական խնդիրների լուծումների, այլ հանգստի կադրերով։

Հասարակության համար այսօր առաջնային հարցը մնում է նույնը՝ ինչպե՞ս են լուծվելու հազարավոր քաղաքացիների զբաղվածության, եկամուտների և սոցիալական անվտանգության խնդիրները։ Քանի դեռ այդ հարցերը պատասխան չեն ստացել, երկրի տարբեր հատվածներում դժգոհության ալիքը դժվար թե մարի։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment