Արագածոտնի մարզի քաղաքացիական մասնագիտացման դատավորի նստավայրը կտեղափոխվի

Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) փոփոխություն է կատարել առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների նստավայրերի վերաբերյալ նախկինում ընդունված իր որոշման մեջ՝ փոխելով Արագածոտնի մարզում քաղաքացիական մասնագիտացման դատավորի նստավայրի անվանումը։

Iravaban.net-ը ուսումնասիրել է համապատասխան որոշումը, որտեղ ԲԴԽ-ն, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, որոշել է փոփոխություն կատարել 2018 թվականի հուլիսի 9-ի թիվ ԲԴԽ-23-Ն-1 որոշման հավելված 1-ի 8-րդ աղյուսակում։

Ի՞նչ է փոխվել

Փոփոխությամբ նախատեսվել է, որ հավելված 1-ի 8-րդ աղյուսակի՝ «Քաղաքացիական մասնագիտացում» բաժնի 1-ին կետի «Նստավայրի անվանում» սյունակում «Ապարան» բառը փոխարինվում է «Աշտարակ» բառով։ Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Որոշումը, որում կատարվել է փոփոխությունը

Փոփոխությունը վերաբերում է Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 9-ի ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով չսահմանված Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարանների նստավայրերը, նստավայրերի սպասարկման տարածքները սահմանելու, դատավորների՝ ըստ նստավայրերի և մասնագիտացման բաշխումն ու թվակազմը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-23-Ն-1 որոշմանը։

Այդ որոշմամբ ԲԴԽ-ն.

  • սահմանել էր «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով չսահմանված առաջին ատյանի դատարանների նստավայրերը,
  • սահմանել էր նստավայրերի սպասարկման տարածքները,
  • հաստատել էր դատավորների՝ ըստ նստավայրերի և մասնագիտացման բաշխումն ու թվակազմը։

Leave a Comment