Հայաստանում պաշտոնապես մեկնարկել է ԵՄ գործընկերության առաքելությունը

Հուլիսի 13-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության հետ համատեղ, կազմակերպել էր կլոր-սեղան քննարկում, որը հյուրընկալել էին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և ԵՄ արտաքին գործողությունների ծառայության քաղաքացիական գործողությունների հրամանատար և կառավարող տնօրեն Ստեֆանո Տոմատը՝ ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսի և Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության ղեկավար Կոսմին Դինեսկուի հետ միասին։ Համատեղ միջոցառումը համընկնում էր Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության մեկնարկի վերաբերյալ ԵՄ խորհրդի որոշման ընդունման հետ։ Այս մասին հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից:

Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության մեկնարկը նոր ու կարևոր էջ է բացում Հայաստանի և Եվրոպական միության միջև գործընկերությունում։ Այս առաքելության միջոցով ԵՄ-ն վերահաստատում է իր հանձնառությունը՝ շարունակաբար զարգացող մարտահրավերների պայմաններում աջակցելու Հայաստանի դիմակայունությանը և ինստիտուցիոնալ կարողություններին։

Ռազմավարական խորհրդատվության, տեխնիկական փորձագիտության և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման միջոցով Առաքելությունը սերտորեն համագործակցելու է Հայաստանի հաստատությունների հետ՝ քաղաքականության շրջանակներն ամրապնդելու, մանդատի շրջանակներում Կառավարության կարողությունները բարելավելու և միջգերատեսչական համակարգմանն աջակցելու համար։

Միջոցառումը մասնակցում էին քաղհասարակության, ակադեմիական շրջանակների ներկայացուցիչներ և փորձագետներ, ում ներկայացվել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելությունը` որպես Հայաստանի դիմակայունության ամրապնդմանն աջակցող գործընկեր: Տեղի է ունեցել նաև մտքերի փոխանակում զարգացող սպառնալիքների, մասնավորապես՝ կիբերսպառնալիքների, օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիաների ու միջամտության, ինչպես նաև ապօրինի ֆինանսական հոսքերի դեմ Հայաստանի դիմակայունության ամրապնդման շուրջ:

Նախապատմություն

Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելությունը ԵՄ անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականության քաղաքացիական խորհրդատվական առաքելություն է։ Առաքելությունը հիմնվել է ընթացիկ տարվա ապրիլի 21-ին և մեկնարկել հուլիսի 13-ին։

Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելությունը հիմնվել է ՀՀ կառավարության համապատասխան դիմումի հիման վրա: Առաքելությունը ԵՄ ավելի լայն և համապարփակ մոտեցման մաս է կազմում, որը համատեղում է Հայաստանի դիմակայունության ապրապնդմանը միտված կարճաժամկետ և երկարաժամկետ աջակցություն:

Առաքելությունը չունի գործադիր մանդատ։ Այն որևէ դերակատարում չունի ՀՀ իշխանությունների որոշումների կայացման գործընթացներում։

Leave a Comment