Իրանը եղել և կմնա Հորմուզի նեղուցի տերը․ Արաղչի — Հայաստանի Հանրային Ռադիո

Թեհրանը միշտ վերահսկողություն է իրականացրել Հորմուզի նեղուցի նկատմամբ և կշարունակի կառավարել այն նաև ապագայու, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։

«Իրանը միշտ եղել է Հորմուզի նեղուցի պահապանը և կմնա այդպիսին ընդմիշտ», — գրել է նա X-ի իր էջում։

Արաղչին մեկնաբանել է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները՝ այս ջրային զարկերակի նկատմամբ վերահսկողություն հաստատելու և անվտանգության ապահովման համար 20% չափով տուրքեր գանձելու մտադրության վերաբերյալ։ «Անշուշտ, 20%-ը չափազանց շատ է։ Մենք արդար կլինենք», — նշել է նա։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հայտարարել է, որ Վաշինգտոնը ծրագրում է սեփական ուժերով ապահովել նավագնացության անվտանգությունը Հորմուզի նեղուցում ու դրա դիմաց գումար ստանալ:

«Մենք կպահպանենք դիրքերը նեղուցում և, հավանաբար, կկառավարենք այն։ Մենք կդառնանք նեղուցի պահապանները, և դրա համար մեզ պետք է փոխհատուցեն։ Երբ մենք կատարենք մեր աշխատանքը, մեզ կվճարեն»,- ասել է նա Fox News-ի հետ հարցազրույցում։

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն այլևս անվճար չի ապահովելու տարածաշրջանի անվտանգությունը: Արդարության սկզբունքով ծախսերը ծածկելու համար նեղուցով փոխադրվող ցանկացած բեռի արժեքի վրա կգործի 20% տոկոսադրույքով հատուկ վճար։

Leave a Comment