9 եվրոպական երկիր և Ուկրաինան կստեղծեն բալիստիկ հրթիռներից պաշտպանության միասնական համակարգ

Ուկրաինան և եվրոպական 9 երկիր հայտարարել են Եվրոպայի համար համատեղ բալիստիկ հրթիռային պաշտպանության համակարգ ստեղծելու մասին։ Համատեղ նախաձեռնության մասին հայտարարվել է Փարիզում՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և եվրոպական մի շարք երկրների ղեկավարների հանդիպումից հետո։

Կոալիցիային միացել են Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Նիդերլանդները, Նորվեգիան, Իսպանիան, Շվեդիան, Դանիան, Մեծ Բրիտանիան և Ուկրաինան։

«Մեր նպատակն է կառուցել Եվրոպայի համար համատեղ բալիստիկ հրթիռային պաշտպանության կարողություն»,- ասվում է երկրների համատեղ հայտարարությունում։

Կողմերը նշել են, որ բալիստիկ հրթիռների սպառնալիքը վերջին տարիներին աճել է, իսկ դրանց չեզոքացումը ավելի բարդ է, քան թևավոր հրթիռների կամ անօդաչու սարքերի դեպքում։

Հայտարարությունում ընդգծվել է նաև Ուկրաինայի փորձը, որը երկիրը ձեռք է բերել Ռուսաստանի լայնածավալ պատերազմի ընթացքում՝ դիմակայելով հրթիռային հարվածներին։

«Մենք կարծում ենք, որ Եվրոպայի պաշտպանությունը պահանջում է ամբողջական լուծում՝ ինտեգրված հակահրթիռային պաշտպանության ճարտարապետության տեսքով, որը կկարողանա կանխել և չեզոքացնել ապագա հրթիռային սպառնալիքները»,- նշվում է փաստաթղթում։

Երկրները դեռ չեն նշել համակարգի ստեղծման հստակ ժամկետները, սակայն հայտնել են, որ նախաձեռնությունը բաց է նաև այլ պետությունների մասնակցության համար։

Միևնույն ժամանակ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան պատասխանելու է Ուկրաինայի վերջին հարվածներին ռուսական նավթավերամշակման գործարանների, տանկերների և տերմինալների ուղղությամբ։

«Որտեղ էլ նրանք փորձեն հարվածել Ռուսաստանի տարածքին, մենք նույն կերպ կպատասխանենք, սակայն մեր հարվածները կլինեն մի քանի անգամ ավելի հզոր»,- հայտարարել է Պուտինը։

Leave a Comment