ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հուլիսի 13-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող Ղազախստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Բոլատ Իմանբաեւին: Հանդիպմանը մասնակցել են նաեւ Հայաստանում Ղազախստանի Հանրապետության գործերի հավատարմատար Ախմետով Ալիխանը եւ ՀՀ Ազգային ժողովի արտաքին կապերի վարչության պետ Տիգրան Սեյրանյանը:
Սարգիս Խանդանյանը գոհունակությամբ ընդգծել է, որ Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ երկկողմ հարաբերություններն ու քաղաքական երկխոսությունը գտնվում են բարձր մակարդակի վրա՝ հիմնված փոխադարձ հարգանքի ու գործընկերային ամուր հիմքերի վրա:
Հանձնաժողովի նախագահը նշել է, որ վերջին հինգ տարիների ընթացքում Հայաստանի եւ Ղազախստանի հարաբերությունների զարգացման գործընթացում իր ուրույն ու ծանրակշիռ դերակատարումն ունի խորհրդարանական դիվանագիտությունը:
Բոլատ Իմանբաեւն իր խորին երախտագիտությունն է հայտնել Հայաստանի գործադիր եւ օրենսդիր իշխանություններին՝ իր առաքելության ընթացքում ցուցաբերած համակողմանի աջակցության եւ սերտ ու արդյունավետ փոխգործակցության համար:
Սարգիս Խանդանյանը բարձր է գնահատել դեսպանի կատարած աշխատանքը՝ շնորհակալություն հայտնելով Հայաստանի հանդեպ ունեցած ջերմ վերաբերմունքի եւ երկկողմ կապերի սերտացման գործում ներդրած անձնական մեծ ավանդի ու արդյունավետ գործունեության համար: