«Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի» աշխատակիցներից մեկը, որն այսօր մասնակցում էր բողոքի ակցիային, լրագրողների հետ զրույցում հիշեցրեց՝ արտադրությունն արդեն մեկ շաբաթից ավելի է՝ կանգնած է, և իրենք չգիտեն՝ այս անորոշ վիճակն ինչքան կտևի։
«Մենք բողոքի ակցիա ենք անում, որպեսզի թույլ տան, որ աշխատենք։ Եթե ստուգումներ կան, խնդրում ենք՝ անցնցում անեն։ Մենք մեր գործատուից գոհ ենք, շնորհակալ ենք։ Մենք չենք ուզում ուրիշ տեղ գնալ։ Մենք ունենք աշխատանք և գոհ ենք մեր աշխատանքից։ Մենք ավել ոչինչ չենք ուզում, մեր աշխատանքն ենք ուզում։
Մենք խնդրում ենք, պահանջում ենք մեր վարչապետից՝ ինչպես ուզում եք հասկացեք, մարդկանց աշխատելու հնարավորություն տալ։ Բոլորն այստեղ ընտանիքներ ունեն, վարկեր ունեն։ Այո՛, աջակցում ենք պարոն Ծառուկյանին։ Միանշանակ, մենք ամեն րոպե իր կողքին ենք։ Այո՛, մենք մեր ղեկավարի կողքին ենք։ Ամեն կերպ պաշտպանելու ենք և կանգնելու ենք պարոն Ծառուկյանի կողքին, դա չի քննարկվում»,- ասաց ակցիայի մասնակից կինը։
Հարցին՝ որոնք են լինելու իրենց հաջորդական քայլերը, նա պատասխանեց՝ հետագան ցույց կտա, թե իրենք ինչ որոշումներ կկայացնեն։
Հիշեցնենք, որ հուլիսի 6-ին ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի ձեռնարկություններում և առանձնատանը տեղի ունեցած խուզարկություններից հետո վերջինս ձերբակալվել և կալանավորվել էր։ Հուլիսի 9-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ «Արարատցեմենտը» կանցնի պետական սեփականության, իսկ կնքված օբյեկտներում կնշանակվեն ժամանակավոր կառավարիչներ։