ԵՄ-ն Հայաստան կգործուղի հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի նոր առաքելություն

Եվրոպական միությունը Հայաստանի համար նոր գործընկերային առաքելություն կգործուղի, որը կզբաղվի հիբրիդային սպառնալիքների, ինչպես նաև արտաքին տեղեկատվական մանիպուլյացիաների և միջամտությունների հակազդմամբ, ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստից առաջ հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասը։

«Մենք կհամաձայնեցնենք Հայաստանի համար նոր գործընկերային առաքելության ստեղծումը՝ նպատակ ունենալով պայքարել հիբրիդային սպառնալիքների, ինչպես նաև արտաքին տեղեկատվական մանիպուլյացիաների և միջամտությունների դեմ, որոնց նրանք իսկապես բախվում են»,- ասել է Կալասը։

Նոր առաքելության ձևաչափի, լիազորությունների, կազմի և գործարկման ժամկետների վերաբերյալ այլ մանրամասներ եվրոպական դիվանագիտության ղեկավարը չի հայտնել։

Ավելի վաղ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել էր, որ Հայաստան-ԵՄ համագործակցությունը զարգանալու է չորս առանցքային ուղղություններով՝ փոխկապակցվածություն, էներգետիկա, տեղեկատվական տեխնոլոգիաներ և անվտանգություն։

Մասնավորապես, Բրյուսելը մտադիր է աջակցել տրանսպորտային, էներգետիկ և թվային կապերի զարգացմանը, ֆինանսավորել էներգետիկ ոլորտի նախագծերը, նպաստել ՏՏ և արհեստական բանականության զարգացմանը, ինչպես նաև օգնել Հայաստանին հիբրիդային սպառնալիքների դիմակայման, վիզաների ազատականացման գործընթացի առաջմղման և սոցիալ-տնտեսական ծրագրերի իրականացման հարցերում։

Փաշինյանը Երևանում Հայաստան-Եվրամիություն առաջին գագագթնաժողովին հայտարարել էր, որ Հայաստանն ակնկալում է ԵՄ-ի հետագա ինստիտուցիոնալ և փորձագիտական աջակցությունը՝ բարեփոխումները շարունակելու, ինչպես նաև հիբրիդային սպառնալիքներին և ապատեղեկատվությանը հակազդելու համար։

Leave a Comment