«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի դիմաց ընթացող բողոքի ակցիայի ժամանակ գործարանի աշխատակիցներից մեկը լրագրողների հետ զրույցում ասել է, որ ստեղծված իրավիճակի պատճառով հարյուրավոր մարդիկ կանգնած են սոցիալական աղետի առաջ:
Աշխատակցի խոսքով՝ ինքը և իր գործընկերներից շատերը միայն գործարանի աշխատավարձի հույսին են, որով փակում են ամսական կենսական ծախսերը, այդ թվում՝ բնակարանի վարձն ու վարկային պարտավորությունները:
«Ո՛չ մեր ղեկավարությունից, ո՛չ էլ պարոն Ծառուկյանից երբևէ վատ բան չենք տեսել, ինձ շատ լավ են ընդունել: Արդեն մեկ շաբաթ է՝ տանը նստած ենք։ Ես վարձով եմ ապրում, վարկեր ու պարտքեր ունեմ. կառավարությունը հո՞գ է տանելու մեր այս հարցերի մասին: Ո՞նց տանք վարձը, ինչո՞վ վճարեմ, եթե ես հենց այստեղ աշխատելով էի այդ ամենը հոգում»,- ընդգծել է գործարանի աշխատակիցը։