Մենք միանշանակորեն դիտարկում ենք Եվրոպայի խորհրդից լիովին դուրս գալու հնարավորությունը. Ալիև

Ադրբեջանը կարող է դուրս գալ Եվրոպայի խորհրդից. այս մասին հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը։

«Խոսքը անդամակցությունը կասեցնելու կամ սառեցնելու մասին չէ. մենք միանշանակորեն դիտարկում ենք կազմակերպությունից լիովին դուրս գալու հնարավորությունը», – ասել է Ալիևը բռնազավթված Շուշիի գլոբալ մեդիաֆորումի բացմանը։

 Նրա խոսքով՝ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն «խնդրել է իրենց չանել դա, այլ ուղիներ փնտրել իրավիճակը բարելավելու համար»։

Ալիևը կարծում է, որ Ադրբեջանը երկու տարի շարունակ Եվրոպայի խորհրդում «ենթարկվում է խտրականության և կողմնակալ վերաբերմունքի», և որ ԵՄ-ի բողոքները Բաքվի դեմ «անհիմն» են։

Հունիսի վերջին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը լիագումար նիստի ժամանակ մտահոգություն հայտնեց Ադրբեջանում քննադատության ճնշման և քաղբանտարկյալների թվի զգալի աճի վերաբերյալ։

ԵԽԽՎ-ն հայտարարել է, որ վերջին տարիներին ընդունված օրենքները հանգեցրել են «անկախ լրագրության, իրական քաղաքական ընդդիմության, քաղաքացիական  խոսքի ազատության ճնշմանը»։

Իր ելույթում Իլհամ Ալիևը նաև նշել է, որ Բաքուն լիովին կարգավորել է հարաբերությունները Մոսկվայի հետ։ Հարաբերությունները կտրուկ վատթարացել էին 2024 թվականի դեկտեմբերի վերջին «Ադրբեջանական ավիաուղիներ» ընկերության ինքնաթիռի վթարից հետո։

Leave a Comment