Խոշոր անտառային հրդեհ է բռնկվել Փարիզի մոտակայքում

Ֆրանսիայի իշխանությունները մասնագիտացված ինքնաթիռներ են ուղարկել Փարիզից հարավ-արևելք գտնվող Ֆոնտենբլո անտառում բռնկված լայնածավալ հրդեհը մարելու համար, երկուշաբթի օրը հաղորդել է BFM հեռուստաալիքը։

Մոտ 400 հրշեջ աշխատում է հրդեհը մարելու ուղղությամբ։ Այն բռնկվել է կիրակի օրը։ Գիշերը հրդեհի տարածքը կրկնապատկվել է՝ 400-ից հասնելով 800 հեկտարի։ Ուժեղ քամին և տորֆային հողը բարդացնում են հրդեհաշիջման աշխատանքները։

Տեղական իշխանությունները տարհանում են մոտակա բնակավայրերից մարդկանց։

Հրդեհի տարածումը հանգեցրել է մի շարք ճանապարհների փակման և երկաթուղային տրանսպորտի խափանման։

Այժմ երկրի 37 դեպարտամենտներում հայտարարվել է «կարմիր» շոգի վտանգ, որը ամենաբարձր մակարդակն է։ Ֆրանսիացի օդերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ երկուշաբթի օրը որոշ վայրերում ջերմաստիճանը կարող է հասնել 38 աստիճան Ցելսիուսի։

Leave a Comment