Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը – Նորություններ 13.07.2026

Լուսանկարը` Դավաիթ Խաժակյանի ֆեյսբուքյան պաշտոնական էջից

Լուսանկարը` Դավաիթ Խաժակյանի ֆեյսբուքյան պաշտոնական էջից

Երևանի ավագանու նախկին անդամ և քաղաքական գործիչ Դավիթ Խաժակյանը պաշտոնապես հայտարարել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության շարքերը լքելու որոշման մասին՝ ազդարարելով իր քաղաքական կարիերայում նոր փուլի մեկնարկը։

Իր հրապարակային հայտարարության մեջ Խաժակյանը նշել է, որ քաղաքական կառույցում իր առաքելությունն այլևս ավարտված է համարում։ Նա ընդգծել է, որ դեռևս 21 տարեկանում քաղաքականություն մուտք գործելը բարդ, սակայն խիստ գիտակցված ընտրություն էր, որի համար երբևէ չի զղջացել։

Անցած տարիները քաղաքական գործիչը որակել է որպես մասնագիտական ու գաղափարական հասունացման կարևոր շրջափուլ։ Նա շնորհակալություն է հայտնել իր բոլոր գործընկերներին, թիմակիցներին և անձամբ կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանին՝ համատեղ աշխատանքի, ձեռքբերված փորձառության և պետությանը ծառայելու հնարավորության համար։

Խաժակյանը նաև պարզաբանել է, որ վերջին խորհրդարանական ընտրություններին չմասնակցելն իր անձնական որոշումն էր: Իր խոսքը նա եզրափակել է արտիստ Արթուր Մեսչյանի հայտնի տողերով՝ հեռանալու և նոր դռներ բացելու վերաբերյալ, ինչը ակնարկում է քաղաքական կամ հանրային գործունեությունը նոր ձևաչափով շարունակելու հնարավորության մասին։

Հիշեցնենք, որ նա ակտիվ քաղաքականություն է մուտք գործել 2017 թվականին՝ ընտրվելով Երևանի ավագանու անդամ «Ելք» դաշինքի կազմում։ Դաշինքի փլուզումից հետո Խաժակյանն իր ուղին շարունակեց «Լուսավոր Հայաստանի» հետ։ Թեև 2018-ի արտահերթ ընտրություններով կուսակցությունն անցավ խորհրդարան, իսկ 2021-ին դուրս մնաց օրենսդիր մարմնից, Խաժակյանը մինչ օրս մնում էր կառույցի առանցքային և ճանաչելի դեմքերից մեկը:

Leave a Comment