Ի՞նչ պարտականություններ և իրավունքներ ունի գործատուն աշխատողների ներկայացուցիչների նկատմամբ

Ինչպես փոխանցում է Iravaban,net-ը՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 26-րդ հոդվածը սահմանում է գործատուի պարտականությունները և իրավունքները՝ կապված աշխատողների ներկայացուցիչների հետ։

Ի՞նչ է պարտավոր գործատուն

  • հարգել աշխատողների ներկայացուցիչների իրավունքները և չխոչընդոտել նրանց գործունեությանը: Աշխատողների ներկայացուցչի գործունեությունը չի կարող դադարեցվել գործատուի ցանկությամբ.
  • խորհրդակցել աշխատողների ներկայացուցիչների հետ աշխատողների իրավական վիճակի վրա ազդող որոշումներ ընդունելիս, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում ստանալ նրանց համաձայնությունը.
  • ապահովել կոլեկտիվ բանակցությունների վարումը սեղմ ժամկետներում.
  • սույն օրենսգրքով սահմանված ժամկետներում, իսկ ժամկետներ սահմանված չլինելու դեպքում ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում, քննարկել աշխատողների ներկայացուցիչների առաջարկությունները և տալ գրավոր պատասխաններ.
  • աշխատողների ներկայացուցիչներին անվճար տրամադրել անհրաժեշտ տեղեկություններ` աշխատանքին վերաբերող հարցերի վերաբերյալ.
  • կատարել կոլեկտիվ պայմանագրով սահմանված այլ պարտականություններ.
  • ապահովել աշխատողների ներկայացուցչի` օրենսդրությամբ սահմանված իրավունքների իրականացումը.
  • աշխատողների ներկայացուցիչներին տրամադրել տարածք և նյութատեխնիկական միջոցներ՝ իրենց լիազորությունների իրականացման համար՝ կոլեկտիվ պայմանագրով կամ կողմերի համաձայնությամբ սահմանված կարգով:

Գործատուի իրավունքները

Աշխատողների ներկայացուցչի կողմից գործատուի իրավունքները, օրենսդրության պահանջները կամ պայմանագրերի նորմերը խախտելու դեպքերում գործատուն իրավունք ունի օրենսդրությամբ սահմանված կարգով դիմելու դատարան` աշխատողների ներկայացուցչի անօրինական գործունեությունը դադարեցնելու պահանջով:

27-րդ հոդված․ ովքե՞ր են գործատուների ներկայացուցիչները

  • Կազմակերպության կոլեկտիվ և անհատական աշխատանքային հարաբերություններում որպես գործատուի ներկայացուցիչ հանդես է գալիս կազմակերպության ղեկավարը (տնօրեն, գլխավոր տնօրեն, նախագահ և այլն): Օրենքով կամ այլ նորմատիվ իրավական ակտով կամ իրավաբանական անձի կանոնադրությամբ կամ գործատուի ընդունած ներքին կամ անհատական իրավական ակտերով նախատեսված դեպքերում կամ իրենց լիազորությունների սահմաններում գործատուներին կարող են ներկայացնել նաև այլ անձինք:
  • Գործատուն իրավունք ունի աշխատանքային իրավունքի բնագավառի իր լիազորությունները կամ դրանց մի մասը փոխանցելու քաղաքացիներին կամ իրավաբանական անձանց:
  • Հանրապետական, ճյուղային և տարածքային մակարդակների կոլեկտիվ հարաբերություններում որպես գործատուների ներկայացուցիչ հանդես է գալիս գործատուների համապատասխան միությունը:

Գործատուների միությունը ոչ առևտրային կազմակերպություն համարվող իրավաբանական անձ է, որը միավորում է գործատու կազմակերպություններին և գործատու քաղաքացիներին: Միության անդամ գործատու կազմակերպությունները միությունում ներկայացվում են իրենց լիազոր ներկայացուցիչների միջոցով:

Գործատուների միության գործունեությունը կարգավորվում է սույն օրենսգրքով, օրենքով և իր կանոնադրությամբ:

Leave a Comment