Քանաքեռում քրեական հեղինակություն Արթուր Ղազարյանի՝ «Քանաքեռցի Տույի», ԱԺ նախկին պատգամավոր Արտուշ Սիմոնյանի և ևս երկու անձի սպանությունից շուրջ հինգ տարի անց գործի քննությունը մոտենում է ավարտին․ մեղադրող և տուժող կողմը ճառով պահանջել են մեղավոր ճանաչել գործով անցնող անձանց, պաշտպանության կողմը՝ արդարացնել։ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝ դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, առաջիկա օրերին կհրապարակի վերդիկտը։ Գրում է «Փաստինֆո»-ն։
Սպանությունն, ինչպես հայտնել ենք, տեղի է ունեցել 2021թ․ նոյեմբերին՝ Քանաքեռում։ Դեպքի ժամանակ սպանվել է չորս անձ, այդ թվում՝ Արթուր Ղազարյանը և Արտուշ Սիմոնյանը։ Սպանությունը եղել է հենց վերջինիս տանը։
Շուրջ չորս տարի տևած քննության ընթացքում դատարանն անթույլատրելի է համարել տան բակում տեղակայված տեսախցիկներով արձանագրված տեսանյութը, որտեղ, ըստ տուժող կողմի, արտացոլված է, որ առաջին կրակոցը տուժող կողմից չի եղել։ Տուժողի ներկայացուցիչ, փաստաբան Ռոբերտ Խաչատրյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում մանրամասնել է, որ դատարանն անթույլատրելի ապացույց է ճանաչել տեսագրությունը՝ պատճառաբանելով, որ դեպքի վայրի զննության ժամանակ Արտուշ Սիմոնյանի բնակարան հանդիսացող վայրից է վերցվել սարքը՝ առանց որոշման, մինչդեռ, տուժող կողմը գտնում է, որ տունը և բակային հատվածը եղել է մեկ գույքային միավոր, տունն ընդհանուր հանդիսացել է դեպքի վայր, ուստի, քննիչն իրավունք է ունեցել դեպքի վայրից վերցնել ցանկացած առարկա։ Դատարանը որպես անթույլատրելի ապացույց է ճանաչել DVR սարքը վերցնելու մասով, իսկ դեպքի վայրը՝ թույլատրելի՝ որպես դեպքի վայրի զննություն և ավտոնոմ ապացույց։ Ըստ Խաչատրյանի՝ DVR տեսագրությամբ երևում էր Արթուր Ղազարյանի, Արթուր Բորյանի և Արայիկ Խաչատրյանի մուտք գործելը՝ Արտուշ Սիմոնյանի տան բակային հատված։
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում