Թուրք սեյսմոլոգ, պրոֆեսոր Օսման Բեկթաշը հայտարարել է, որ գալիք շաբաթը վճռորոշ կլինի Ստամբուլի տարածաշրջանում սեյսմիկ ակտիվությունը գնահատելու համար՝ Մարմարա ծովում տեղի ունեցած միկրոերկրաշարժերի շարքից հետո։
Ըստ գիտնականի՝ Մարմարա ծովի կենտրոնական ավազանում՝ 6-9 կիլոմետր խորության վրա, գրանցվել է 3,5-ից ցածր մագնիտուդով միկրոերկրաշարժերի շարք։ Նա պարզաբանել է, որ նման երևույթները սովորաբար վկայում են խզվածքի որոշակի հատվածներում լարվածության վերաբաշխման մասին, որն առաջանում է փոքր տեղաշարժերի հետևանքով։
«Ինքնին սա խոշոր երկրաշարժի նախանշան չէ, սակայն առաջիկա երեքից յոթ օրերը կծառայեն որպես ամենակարևոր գիտական ցուցանիշներից մեկը», -ասել է Բեկթաշը։
Սեյսմոլոգը նշել է, որ մասնագետների համար առանցքային ցուցանիշ կլինի այն, թե արդյո՞ք առաջիկա երեքից յոթ օրվա ընթացքում տեղի կունենա 4-ից բարձր մագնիտուդով երկրաշարժ։ Նրա խոսքով՝ հենց դա թույլ կտա ավելի լավ պատկերացում կազմել խզվածքի ներկայիս վիճակի և ընթացող գործընթացների բնույթի մասին։
Փորձագետը նաև հորդորել է կանխատեսումները չսահմանափակել միայն 7-ից բարձր մագնիտուդով ավերիչ երկրաշարժ ենթադրող մեկ սցենարով։ Նրա կարծիքով՝ Մարմարա ծովում սեյսմիկ իրավիճակը կարող է զարգանալ մի քանի սցենարով, իսկ հարցը՝ արդյո՞ք խզվածքը արգելափակված է, թե՞ դանդաղ տեղաշարժ է տեղի ունենում, լրացուցիչ ուսումնասիրություն է պահանջում։
Մարմարա ծովը գտնվում է Հյուսիսանատոլիական խզվածքի վրա, որն աշխարհի ամենասեյսմաակտիվ գոտիներից մեկն է։
2025 թվականի գարնանը Ստամբուլի ափերի մոտ տեղի ունեցած 6,2 մագնիտուդով երկրաշարժից հետո թուրք գիտնականներն ուժեղացրին տարածաշրջանի մշտադիտարկումը. այն համարվում է Թուրքիայի խոշորագույն քաղաքի մերձակայքում նոր, հզոր երկրաշարժի հավանական օջախ։