Ինչու է կառավարությունը հրաժարվում անձի ֆունկցիոնալության գնահատողների վարձատրության նոր կարգի ներդրումից

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել կառավարության որոշման նախագիծ, որով առաջարկվում է հետաձգել անձի ֆունկցիոնալությունը գնահատող մասնագետների վարձատրության՝ գործավճարի սկզբունքին անցումը։ Ներկայում գործող կարգավորմամբ նախատեսված է, որ 2027 թվականի հունվարի 1-ից այդ մասնագետների վարձատրությունը պետք է կազմակերպվեր գործավճարի սկզբունքով։ Սակայն նախարարությունը գտնում է, որ համակարգը դեռ պատրաստ չէ այդ փոփոխությանը։ Ստորև Iravaban.net-ը ներկայացնում է հիմնական դրույթները՝ պարզ և հասկանալի լեզվով։

Նախագծի ընդունումը պայմանավորված է անձի ֆունկցիոնալության գնահատման գործընթացը անխափան կազմակերպելու անհրաժեշտությամբ։

Համաձայն ՀՀ կառավարության 2022 թվականի 1950-Ն որոշման 3-րդ կետի 2027 թվականի հունվարի 1-ից ուժը կորցրած է ճանաչվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի «Պետական իշխանության մարմիններում քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին» N 737-Ն որոշման N 1 հավելվածի «ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՈԼՈՐՏ» բաժնի 21.2՝ «անձի ֆունկցիոնալությունը գնահատող մասնագետ» կետը, այն նկատառումով, որ դրանից հետո նշված մասնագետների վարձատրությունը կկազմակերպվի գործավճարի սկզբունքով։

Անձի ֆունկցիոնալությունը գնահատող մասնագետների վարձատրությունը գործավճարի սկզբունքով սահմանելու հարցը տարեբեր ձևաչափերով տևական ժամանակ քննարկվել է։ Հաշվի առնելով մի շարք օբյեկտիվ հանգամանքներ անձի ֆունկցիոնալությունը գնահատող մասնագետների վարձատրությունը 2027 թվականի հունվարի 1-ից գործավճարի սկզբունքով կազմակերպելը չի կարող արդյունավետ լինել, մասնավորապես՝

1.Անձի ֆունկցիոնալությունը գնահատող մասնագետների գրանցման ռեեստրը համալրված չէ մասնագետների այնպիսի քանակով ապահովելու համար մասնագետների պատահական ընտրությունը: Դա ապահովելու համար յուրաքանչյուր տարածքի համար անհրաժեշտ է յուրաքանչյուր մասնագետից առնվազն 3-ը։

Նախագծի հիմնավորման համաձայն՝ պատահական ընտրության սկզբունքն ապահովելու համար անհրաժեշտ է ունենալ առնվազն 300 գնահատող մասնագետ, մինչդեռ ներկայումս համակարգում գրանցված է ընդամենը 109-ը։ Ամենամեծ պակասը վերաբերում է վիրաբույժներին, նյարդաբաններին, հոգեբույժներին, էրգոթերապիստներին, կինեզիոլոգներին և վերականգնողաբաններին, ինչի պատճառով հնարավոր չէ լիարժեք ձևավորել գնահատող հանձնաժողովները պատահական ընտրության սկզբունքով։

3. Քիչ չեն դեպքերը, երբ գնահատող մասնագետները ներկայանում են գնահատման վայր՝ ՄՍԾՏԿ, իսկ քաղաքացին չի ներկայանում տարբեր պատճառներով։ Արդյունքում անարդյունավետ ծախս է կատարվում մասնագետի կողմից և բնականաբար չի վճարվում, քանի որ գնահատումը տեղի չի ունեցել, սակայն ծառայության կողմից կամ մասնագետի կողմից ռեսուրս է ծախսվել:

4. Գործավճարի եղանակի կիրառմամբ անձի ֆունկցիոնալությունը գնահատող մասնագետների վարձատրությունը որոշելու հարցում անհրաժեշտ է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ նշված մեխանիզմը չի կարող տարածվել ԱՖԳ և ԱՄԱ վարչության անձի ֆունկցիոնալության վերագնահատման բաժնի (այսուհետ՝ Բաժին) գնահատող մասնագետների վրա, քանի որ բողոքարկումները կազմում են գնահատումների շուրջ 6%-ը, և քանակը նույնպես կանխատեսելի չէ: Բացի այդ, Բաժնի մասնագետները ևս գնահատող մասնագետներ են, չնայած իրավական ակտերով սահմանված այլ գործառույթներ (կուտակային կենսաթոշակի հետվերադարծի վերաբերյալ եզրակացության տրամադրում, մահվան պատճառական կապի որոշում, դատական նիստերի մասնակցություն, միջազգային պայմանագրերով նախատեսված այլ գործառույթներ) ևս ունեն, որոնք ֆունկցիոնալության գնահատում չեն ենթադրում։ Այս դեպքում տարբերակված մոտեցում է լինում նույն համակարգի գնահատող մասնագետների միջև։

Կարգավորման նպատակը և բնույթը

Վերոնշյալից բացի գործնականում կարող են առաջ գալ նաև այլ, նախապես անկանխատեսելի խնդիրներ և ռիսկեր, որոնք կարող են խոչընդոտել անձի ֆունկցիոնալության գնահատման ամենօրյա գործընթացը, խոչընդոտելով խոցելի խմբի իրավունքների իրացմանը։ Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաև այն հանգամանքը, որ 2025 թվականի նոյեմբերի 21-ին կայացած Սոցիալական հարցերի նախարարական կոմիտեի նիստի արդյունքներով համապատասխան կարգավորման գործողության ժամկետը երկարաձգվել էր մինչև 2027 թվականի հունվարի 1-ը, սակայն երկարաձգման հիմքում ընկած հանգամանքներն չեն վերացել և շարունակում են մնալ արդիական, սույն նախագծով առաջարկվում է պահպանել անձի ֆունկցիոնալության գնահատման մասնագետների վարձատրության գործող սկզբունքները մինչև 2028 թվականի հունվարի 1-ը։

Ի՞նչ է արդյունք է ակնկալվում

Անձի ֆունկցիունկցիոնալության գնահատման համակարգի կայունություն։

Բյուջետային ազդեցություն

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների և ծախսերի փոփոխությունները Նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում լրացուցիչ փոփոխությունների անհրաժեշտություն չի առաջանա։

Ծանուցում. սույն նյութը պատրաստված է միայն իրավական իրազեկման նպատակով և չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն։ 

Leave a Comment