Աշխատանքային վեճերը կարող են լուծվել նաև առանց դատարանի․ առաջարկվում են նոր փոփոխություններ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի կողմից հանրային քննարկման է ներկայացրել օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որի նպատակն է բարելավել աշխատանքային վեճերի արտադատական կարգավորման համակարգը և շարունակել հաշտարարության ինստիտուտի բարեփոխումները։ Ստորև Iravaban.net-ը ներկայացնում է հիմնական դրույթները՝ պարզ և հասկանալի լեզվով։

Նախագծի հիմնավորման համաձայն՝ 2022 թվականին «Հաշտարարության մասին» օրենքում կատարված փոփոխություններով վերացվել են հաշտարարության կիրառմանը խոչընդոտող մի շարք իրավական սահմանափակումներ։ Այդ փոփոխություններով, մասնավորապես, ներդրվել են.

  • առցանց հաշտարարության իրականացումը,
  • պարտադիր հաշտարարության ներդրման,
  • հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության գործունեության արդյունավետության բարձրացմանն ուղղված կարգավորումներ։

Սակայն իրավակիրառ պրակտիկայի վերլուծությունը ցույց է տվել, որ հաշտարարության համակարգի լիարժեք և արդյունավետ գործարկման համար անհրաժեշտ են նոր օրենսդրական բարեփոխումներ։

Աշխատանքային վեճերի լուծումը հաշտարարության մասով

Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ աշխատանքային վեճերը ենթակա են քննության դատական կարգով, իսկ հաշտարարության կիրառումը կրում է կամավոր բնույթ: Սա հանգեցնում է աշխատանքային վեճերի տևական քննության, դատարանների ծանրաբեռնվածության և դատական գործերի քննության ժամկետների երկարաձգման, ինչը խոչընդոտում է աշխատանքային արդարադատության մատչելիությանը: Միջազգային առաջատար չափանիշները, մասնավորապես Աշխատանքի միջազգային կազմակերպության (այսուհետ՝ ԱՄԿ) թիվ 92 և 130 հանձնարարականները, շեշտում են վեճերի կանխարգելման և արտադատական կարգավորման մեխանիզմների կարևորությունը: Մասնավորապես, ԱՄԿ թիվ 92 հանձնարարականը կարևորում է վեճերի կանխարգելումը և դրանց լուծումը կամավոր հիմունքներով՝ նախքան դատարան դիմելը և սահմանում, որ պետությունները պետք է ստեղծեն կամավոր հաշտեցման մեխանիզմներ, որոնք կօգնեն գործատուներին և աշխատողներին կանխել և լուծել աշխատանքային վեճերը: ԱՄԿ թիվ 130 հանձնարարականը սահմանում է, որ արդյունավետ բողոքների լուծման ընթացակարգը պետք է ունենա մի քանի փուլ.

  1. ներքին լուծման իրական հնարավորություն յուրաքանչյուր փուլում,
  2. եթե անմիջական ղեկավարի հետ համաձայնություն չի ձեռք բերվում, աշխատողը պետք է հնարավորություն ունենա բողոքը ներկայացնելու վերադաս ղեկավարությանը,
  3. ներքին բոլոր միջոցները սպառելուց հետո միայն պետք է նախատեսվի հաշտեցման, արբիտրաժի կամ դատարան դիմելու հնարավորություն:

Միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ մի շարք երկրներում (օրինակ՝ Իսպանիա, Միացյալ Թագավորություն, Իտալիա) դատարանների ծանրաբեռնվածության նվազեցման և աշխատանքային արդարադատության արդյունավետության բարձրացման նպատակով ներդրված են պարտադիր նախնական հաշտեցման գործուն մեխանիզմներ: : Սա թույլ է տալիս պետությանը խնայել դատական ծախսերի գծով, իսկ կողմերին՝ խուսափել երկարատև վեճերից:

Իսպանիայում հաշտարարությունը պարտադիր նախապայման է դատարան դիմելու համար, ինչը զգալիորեն նվազեցնում է սոցիալական կոնֆլիկտները: Աշխատանքային դատարանների գործունեությունը կարգավորող թիվ 36/2011 օրենքը սահմանում է ընդհանուր կանոն, համաձայն որի՝ դատարան ներկայացվող բոլոր հայցադիմումներին պարտադիր պետք է կցվի նախնական հաշտեցման կամ հաշտարարության փորձը հավաստող հավաստագիր: Այս գործընթացն իրականացվում է վարչական մարմնի՝ Հաշտեցման, արբիտրաժի և հաշտարարության ծառայության (SMAC) կամ կոլեկտիվ պայմանագրերով ստեղծված համապատասխան մարմինների կողմից, իսկ ազգային մակարդակում գործում է Միջհամադաշնային հաշտարարության և արբիտրաժի ծառայությունը (SIMA):

Միացյալ Թագավորությունում 2013 թվականի «Ձեռնարկատիրության և կարգավորման բարեփոխումների մասին» օրենքով (Enterprise and Regulatory Reform Act 2013) ներդրվեց «նախնական հաշտեցման» (Early Conciliation) պարտադիր սխեման: 2014 թվականից Advisory Conciliation and Arbitration Service (ACAS)-ի միջոցով իրականացվող «վաղ հաշտեցման» համակարգը պարտադիր է նախքան աշխատանքային տրիբունալ դիմելը, ինչն ապահովում է վեճերի արագ և անվճար լուծում: Բոլոր պոտենցիալ հայցվորները պարտավոր են իրենց տվյալները ներկայացնել Խորհրդատվական, հաշտեցման և արբիտրաժային ծառայությանը նախքան աշխատանքային տրիբունալ դիմելը, քանի որ առանց այդ ծառայության կողմից տրված համապատասխան հավաստագրի՝ տրիբունալը պարզապես չի ընդունում հայցը: Ըստ ACAS-ի 2018-2019 թթ. տարեկան զեկույցի՝ ստացվել է շուրջ 132,000 նախնական հաշտեցման ծանուցում: Ուշագրավ է, որ այդ դիմումների 73%-ը (մոտ 92,000 դեպք) չի հասել դատարան, քանի որ վեճը լուծվել է հաշտեցման փուլում կամ հայցվորը վերանայել է իր մտադրությունը: Սա հաստատում է, որ ACAS-ը գործում է որպես արդյունավետ զտման միջոց, որը նվազեցնում է դատական նիստերի քանակը և կողմերի ծախսերը:

Իտալիան 2010 թվականից որդեգրել է պարտադիր հաշտարարության լայնածավալ մոդել, այդ թվում՝ աշխատանքային որոշ վեճերով: Իտալիայի իրավական համակարգը հաշտարարության կիրառման հարցում հանդիսանում է եվրոպական ամենաառաջադեմ մոդելներից մեկը, որտեղ ներդրված է այսպես կոչված «մեղմացված» պարտադիր հաշտարարությունը (mitigated mandatory mediation): Իտալիայում հաշտարարությունը պարտադիր է մի շարք քաղաքացիական և առևտրային վեճերի համար, ինչպես նաև կոլեկտիվ աշխատանքային հարաբերությունների որոշակի ոլորտներում (օրինակ՝ հանրային տրանսպորտ): Մասնավորապես, եթե կողմերից մեկն անհարգելի պատճառով չի ներկայացել հաշտարարության փուլին, դատարանը կարող է դա մեկնաբանել ի վնաս այդ կողմի և նշանակել լրացուցիչ տուգանքներ՝ անկախ դատական գործի ելքից:

Աշխատանքային վեճերի արտադատական կարգավորման ներդրումը և հաշտարարության զարգացումը նախևառաջ բխում են աշխատողների և գործատուների անմիջական շահերից, քանի որ դրանք հիմնված են կազմակերպության ներսում փոխադարձ ըմբռնման և վստահության մթնոլորտի ձևավորման վրա: Հաշտարարությունը կողմերին հնարավորություն է տալիս վեճը քննարկել պակաս բարդ և ոչ ֆորմալ միջավայրում, ինչը նպաստում է աշխատանքային հարաբերությունների շարունակականությանը և սոցիալական երկխոսության վերականգնմանը նույնիսկ կոնֆլիկտից հետո:

Աշխատողի համար հաշտարարությունը հանդիսանում է արդարադատության հասնելու ամենաարագ միջոցը, որը թույլ է տալիս խուսափել տարիներ տևող անորոշությունից: Արտադատական ընթացակարգերն առանձնանում են իրենց արագությամբ և մատչելիությամբ, ինչը աշխատողին հնարավորություն է տալիս պաշտպանել իր իրավունքները՝ առանց դատական բարդ ու ծախսատար գործընթացների մեջ ներքաշվելու:

Գործատուի տեսանկյունից վեճի արագ հանգուցալուծումը կանխում է աշխատանքային բնականոն ընթացքի խաթարումը և թույլ չի տալիս, որ կազմակերպությունը կրի ֆինանսական մեծ կորուստներ: Հաշտեցումը հնարավորություն է տալիս խուսափել դատական պարտության դեպքում գանձվող հսկայական հարկադիր պարապուրդի վճարներից, որոնք տարիներ տևող դատական քննությունների արդյունքում կարող են սնանկության եզրին հասցնել գործատուին:

Դատարանների ծանրաբեռնվածության թեթևացումը հանդիսանում է այս բարեփոխումների երկրորդական, բայց խիստ կարևոր դրական արդյունքը: Միջազգային փորձի վիճակագրությունը փաստում է հաշտարարության բացառիկ արդյունավետությունը. Միացյալ Թագավորությունում Խորհրդատվական, հաշտեցման և արբիտրաժային ծառայության միջոցով իրականացվող հաշտեցման վրա ծախսված յուրաքանչյուր 1 ֆունտ ստերլինգը տնտեսության համար խնայում է շուրջ 80 ֆունտ:

Նախատեսվող օրենսդրական փոփոխությունները անհրաժեշտ են նաև Հայաստանի Հանրապետությունում հաշտարարության ինստիտուտի կայացման և զարգացման և դատարանների ծանրաբեռնվածության թեթևացման համար։ Այս առումով կարևոր  է նշել, որ 2022 թվականի հուլիսի 21-ի թիվ 1133-Լ Կառավարության որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարության Հավելված 1-ով հաստատված «Վեճերի լուծման այլընտրանքային եղանակների զարգացում» վերնագրված ռազմավարական նպատակի շրջանակներում ևս կարևորվել է հաշտարարության ինստիտուտի զարգացման անհրաժեշտությունը Հայաստանի Հանրապետությունում:

Հարկ է նաև նշել, որ Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման Հավելված 1-ում անդրադառնալով «Վեճերի լուծման այլընտրանքային եղանակների զարգացում» թիվ 8-րդ նպատակի հիմնավորմանը, նշվել է, որ առաջարկվող միջոցառումները պայմանավորված են դատարանների ծանրաբեռնվածության թեթևացման, գործերի քննության ժամկետների կրճատման, ինչպես նաև վեճի՝ կողմերի համար վեճերի առավել ճկուն և միաժամանակ մատչելի և արդյունավետ եղանակով լուծման մեխանիզմներ նախատեսելու անհրաժեշտությամբ: Նախագծերի փաթեթով առաջարկվում է ներդնել պարտադիր նախնական հաշտարարության ինստիտուտը անհատական աշխատանքային վեճերի որոշակի տեսակների համար:

Պարտադիր հաշտարարության դեպքում հայցային վաղեմության ժամկետի կասեցումը

Հաշտարարության գործընթացի ներդրումը պահանջում է հստակեցնել հայցային վաղեմության ժամկետների հաշվարկը, որպեսզի հաշտվելու փորձը չհանգեցնի դատական պաշտպանության իրավունքի կորստի: Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 339-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն՝ hայցային վաղեմության ժամկետի ընթացքը կասեցվում է, եթե սկսվել է հաշտարարության մասին համաձայնության հիման վրա հաշտարարության գործընթաց՝ այն սկսելու պահից մինչև հաշտարարության ավարտը: Նշվածը երաշխավորում է, որ հաշտարարության համար ծախսված ժամանակահատվածը չի հաշվարկվի դատարան դիմելու համար ժամկետների մեջ հաշտարարության մասին համաձայնության հիման վրա հաշտարարության գործընթաց սկսելու դեպքում, սակայն չի վերաբերում այն դեպքերին, երբ հաշտարարությունն իրականացում է օրենքով սահմանված պարտադիր հաշտարարության շրջանակում: Հետևաբար, բարեփոխման սահուն իրականացման նպատակով անհրաժեշտ է Քաղաքացիական օրենսգրքում կատարվող փոփոխությամբ լրացնել նաև պարտադիր հաշտարարության դեպքերը: Եվրոպական խորհրդարանի և Խորհրդի 2008/52/EC հրահանգը նույնպես պարտադրում է անդամ պետություններին ապահովել, որ հաշտարարություն ընտրած կողմերը հետագայում չզրկվեն դատարան դիմելու հնարավորությունից:Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծերի (այսուհետ՝ Նախագծեր) փաթեթով առաջարկվում են Հայաստանի Հանրապետությունում աշխատանքային վեճերով պարտադիր հաշտարարության ինստիտուտի ներդրմանն ուղղված իրավակարգավորումներ։

Նախագծերի մշակման հիմքում դրվել են միջազգային չափանիշները, մասնավորապես՝ ԱՄԿ թիվ 92 և 130 հանձնարարականները, որոնք շեշտում են վեճերի կանխարգելման և արտադատական կարգավորման առաջնահերթությունը:

Նախագծերի փաթեթով առաջարկվում է սահմանել վեճերի լուծման պարտադիր արտադատական կարգ աշխատանքային պայմանագրի փոփոխման, լուծման և կարգապահական տույժերի հետ կապված վեճերով: Կարգավորումը նախատեսում է.

  • Նախքան դատարան դիմելը հաշտարարության իրականացումը որպես հայցադիմումը վարույթ ընդունելու դատավարական նախապայման:
  • Հաշտարարության գործընթացի մեկնարկի ուժով հայցային վաղեմության ժամկետի կասեցում, ինչը թույլ կտա չսահմանափակել կողմի դատարան դիմելու իրավունքը, հաշվի առնելով, որ աշխատանքային վեճերով հայցային վաղեմության ժամկետը կարճ է

Ի՞նչ արդյունք է ակնկալվում

Նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է բարեփոխել աշխատանքային վեճերի լուծման մեխանիզմները և հաշտարարության ինստիտուտը Հայաստանի Հանրապետությունում, նախատեսել օրենսդրական խթաններ ուղղված աշխատանքային վեճերի արդյունավետ լուծմանը, հաշտարարության՝ որպես վեճերի այլընտրանքային միջոցի զարգացմանը, ինչը կհանգեցնի նաև դատարանների ծանրաբեռնվածության թեթևացմանը: Միջազգային փորձը ցույց է տալիս, որ հաշտարարությունը թույլ է տալիս պահպանել կողմերի միջև հետագա համագործակցության հնարավորությունը, ինչը դժվար հասանելի է դատական վեճի պայմաններում:

  • Արդյունավետության բարձրացում՝ կողմերը հնարավորություն կունենան վեճը լուծել ավելի արագ, պարզ և քիչ ծախսատար եղանակով: Աշխատողների համար հաշտարարությունը վերացնում է տարիներ տևող իրավական անորոշությունը: Աշխատողը հնարավորություն է ստանում արագ վերականգնել իր իրավունքները կամ ստանալ հատուցում՝ առանց դատական բարդ գործընթացների մեջ ներքաշվելու: Գործատուների համար վեճերի արտադատական կարգավորումը կանխում է կազմակերպության բնականոն աշխատանքի խաթարումը և ֆինանսական կանխատեսելիություն ապահովում:
  • Փոխադարձ շահերի հավասարակշռման հիման վրա հաշտության ձեռքբերումը կնպաստի աշխատանքային հարաբերությունների կայունությանը:

Դատական համակարգի բեռնաթափում՝ աշխատանքային վեճերի զգալի մասը կկարգավորվի արտադատական փուլում:Հայցային վաղեմության ժամկետների կարգավորումը.

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 339-րդ հոդվածում նախատեսվող լրացման արդյունքում ակնկալվում է ապահովել իրավական որոշակիություն և երաշխավորել անձի դատական պաշտպանության իրավունքի անխաթար իրացումը այն դեպքերում, երբ օրենքով սահմանված է նախնական պարտադիր հաշտարարության պահանջ:

Բյուջետային ազդեցություն

Օրենքների փոփոխությունների ընդունումը պետական բյուջեում ծախսերի ավելացում չի նախատեսում: Հաշտարարության ծախսերը հոգում են կողմերը: Ավելին, ակնկալվում է պետական միջոցների խնայողություն՝ դատարանների ծանրաբեռնվածության նվազման և դատական ընթացակարգային ծախսերի կրճատման հաշվին:

Ծանուցում. սույն նյութը պատրաստված է միայն իրավական իրազեկման նպատակով և չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն։ 

Leave a Comment