«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Եվրոմոթորս» ընկերության շենքի բակում ընթացող բողոքի ակցիայի ժամանակ ընկերության տնօրեն Աբրահամ Դանագոզյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է օրեր առաջ իրականացված քննչական գործողություններին և դրանց պատճառած վնասներին։
Տնօրենի խոսքով՝ ընկերության աշխատանքն արդեն մեկ շաբաթ է, ինչ լիովին խաթարված է, ինչը մեծ հարված է ոչ միայն բիզնեսին, այլև միջազգային հարթակներում Հայաստանի վարկանիշին։
Աբրահամ Դանագոզյանը պատմել է, որ երկուշաբթի օրը՝ ժամը 08:00-ին, անակնկալ տեղեկացել են ընկերությունում ընթացող քննչական գործողությունների մասին։ Իրավապահները կազմակերպությունից առգրավել են 3 սերվեր, 19 համակարգիչ, լեփթոփներ և բոլոր աշխատակիցների, այդ թվում՝ տնօրենի անձնական բջջային հեռախոսները։
«Որպես 10 տարվա տնօրեն՝ կարող եմ ձեզ վստահեցնել, որ «Եվրոմոթորսը» Հայաստանում իր ծավալով ամենաթափանցիկ և արդար կազմակերպություններից մեկն է, որն իր հարկերը վճարում է օրը օրին։ Ոչ մի իրավական պատճառ չկար գալու և ընկերությունը փակելու։ Այս ամբողջը գնում է մի վերնագրի տակ, որովհետև պարզապես սեփականատերը պարոն Ծառուկյանն է. այլ բան ես անձնապես չեմ տեսնում սրա մեջ»,- նշել է նա։