Radar Armenia-ի զրուցակիցն է միջազգայնագետ Շահան Գանտահարյանը։
– ԱՄՆ-Իրան հրադադարի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները խախտվեցին, արդեն մի քանի օր է՝ հարվածներ են հասցնում միմյանց օբյեկտներին։ Ինչո՞ւ չհաջողվեց 60-օրյա հրադադարը պահել։
– Կարծում եմ, որ հրադադարն արդեն խախտվում էր, հիմա՝ ավելի ընդգրկուն։ Սակայն թվում է, որ կողմերը չեն վերադառնալու լայնամասշտաբ գործողությունների։ Լինելու են նմանատիպ գործողություններ, հակահարվածներ։ Հանգույցը վերաբերում է Հորմուզին, որի կարգավիճակի մասին դեռևս չկա համաձայնություն։
– Այնուամենայնիվ, հնարավոր համարո՞ւմ եք, որ գործողությունները շարունակվեն ու ընդլայնվեն, թե՞ սա ժամանակավոր բնույթ էր կրում։
– Մինչև այն ատեն, քանի դեռ Հորմուզի գծով չկա հիմնարար համաձայնություն (այլ խոսքով՝ տուրքեր գանձել, թե ոչ, կամ համատեղ շահույթների բաշխում), կլինեն նմանատիպ գործողություններ։ Խնդիրը, կարծում եմ, անվտանգային վերահսկողությունից ավելի վերաբերում է էներգետիկ համալիր ուղիների վերահսկողությանը, նաև Չինաստանի հարաբերակցությամբ։ Եվ, իհարկե, շահաբաժիններին։
– Ինչպե՞ս եք գնահատում Իսրայելի դերակատարությունը այս պրոցեսներում։
– Իսրայելը դժգոհ է համաձայնությունից, որովհետև ԱՄՆ-ն ճնշում է, որ Լիբանանում դադարեցնի իր հարձակումները, ինչը ներառվել է համաձայնագրի առաջին կետում։ Դժգոհ է, որովհետև իրեն չի հաջողվել լիբանանյան հատվածում իրականացնել իր առաջադրանքները՝ հատկապես անվտանգության գոտու առումով։
– Ի՞նչ կասեք ռուս-ուկրաինական ճակատում տեղի ունեցող իրադարձությունների մասին։ Արդյո՞ք մոտ է հակամարտության կարգավորումը, թե՞ ոչ։
– Տեսանելի չէ հանգուցալուծումը։ ՆԱՏՕ-ի համաժողովում ևս պարզ դարձավ, որ ռազմական գործողությունները շարունակվելու են։ ԱՄՆ-ն և ընդհանրապես ՆԱՏՕ-ի ուժերը, ըստ երևույթին, համամիտ են, որ ՌԴ-ն ներքաշված լինի պատերազմում։ Պատերազմական ստատուս քվոն շարունակվելու է Ուկրաինա-ՌԴ գծի վրա։
– Թրամփը հայտարարել է, թե ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարվածները կարող են մոտեցնել պատերազմի ավարտը։ Արդյո՞ք այդպես է, թե՞ ոչ։
– Այստեղ ևս հանգույցը էներգիան է, ինչպես Իրանում և Վենեսուելայում։ Գլոբալ առումով տնտեսական համաշխարհային պատերազմ է․ բոլոր կետերը վերաբերում են էներգիայի ռեսուրսների տարհանման ուղիներին։ Ռազմականը միջոց է, տնտեսականը՝ նպատակ։
Արման Գալոյան
