Հուլիսի 10-ին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Պեսկովը լրագրողներին ասել է, որ Մոսկվան «դիվանագիտա-քաղաքական կարգավորման համար բաց է, բայց կապված կիևյան կողմի ցանկության բացակայության հետ դա առայժմ հնարավոր» չէ։ Պեսկովը հրապարակայնացրել է, որ Ռուսաստանը «հատուկ ռազմական գործողությունը կշարունակի, որպեսզի ավելի ընդարձակ բուֆերային-անվտանգային գոտի ստեղծի»։
Կարելի է համարել, որ այդպիսով Կրեմլը ոչ միայն մերժել է կրակի դադարեցման առաջարկությունը, այլև անոնսավորել նոր լայնածավալ հարձակում։ Փորձագիտական կարծիք կա, որ Ուկրաինայի դեմ նոր հարձակումը «կսկսվի պետական դումայի ընտրություններից հետո»։ Ենթադրվում է, որ նախագահ Պուտինը «զորակոչ կհայտարարի»։
Հուլիսի 9-ին «Դոյչե վելլեն» հրապարակել է Վրաստանի նախկին նախաագահ Միխեիլ Սաակաշվիլիի տեքստային հարցազրույցը, որտեղ այս կանխատեսումն է արել, «Պուտինը Ուկրաինայում տանուլ է տալիս, և ես համոզված են, որ նա զուգահեռաբար էքսպանսիա կսկսի Բելառուսի, Վրաստանի և Հայաստանի ուղղությամբ»։ Նա հիմնավորել է, որ Ռուսաստանի նախագահը «Վրաստանի փաստացի վարչապետ Իվանիշվիլիից արդեն պահանջել է ճանաչել օկուպացված Աբխազիայի և Հարավային Օսեթիայի անկախությունը, ուստի Թբիլիսիի նկատմամբ լիակատար վերահսկողության հաստատումը միայն ժամանակի հարց» է։
Վրաստանի նախագահը, սակայն, «գոհ» է Դոնալդ Թրամփի քայլերից, թեև «շատ ուկրաինացիներ նրա հայտարարություններից դժգոհ» են, բայց խորհուրդ է տվել ուշադրություն դարձնել, թե ամերիկացիները «ինչպես են Ռուսաստանին Կովկասից դուրս մղում» և հասկանալի կդառնա, որ «Ռեյգանից հետո ամերիկյան ոչ մի նախագահ Ռուսաստանի հանդեպ այդքան դաժան չի վարվել»։
Միխեիլ Սաակաշվիլին Կովկասում Ռուսաստանի ազդեցության վերահաստատման «ճանապարհային քարտեզից», ինչպես հասկացվում է, Ադրբեջանը դուրս է թողել։ Այնտեղ այլևս Թուրքիա է։ Աբխազիայում և Հարավային Օսեթիայում Ռուսաստանը «խաղաղապահ զորախմբեր», իսկ Հայաստանի տարածքում 102-րդ ռազմաբազա ունի։ Բայց, երևի, հետագա իրադարձությունների ծրագրման համար Ռուսաստանը նախ պետք է Ուկրիանայում «ավելի ընդարձակ բուֆերային-անվտանգային գոտի ստեղծի»։
Կարդացել են
1 անգամ