Անկարայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մասնակից երկրների ղեկավարներին նվիրել է անվանական «Գյումյուշայ» ատրճանակներ, որոնք նախատեսված են .357 Magnum (9 մմ) տրամաչափի փամփուշտների համար։ Նվերների տուփերում եղել են նաև փամփուշտներ։
Ըստ հրապարակումների՝ թեև յուրաքանչյուր ատրճանակ Թուրքիայից արտահանելու համար եղել է անհրաժեշտ թույլտվությունը, դրանց ներմուծումը եվրոպական երկրներ բարդություններ է առաջացրել՝ մարտական զենքի նկատմամբ գործող խիստ օրենսդրության պատճառով։
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Բրյուսել վերադառնալուց հետո որոշել է Էրդողանի նվիրած ատրճանակը փոխանցել Բելգիայի ռազմական թանգարանին։ Նախքան ցուցադրության հանձնելը այն կդարձնեն ոչ մարտական։
Նույն կերպ ոչ մարտական կդարձնեն նաև Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտային նվիրած ատրճանակը։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերին նվիրած զենքը, ըստ հրապարակումների, մինչև երկիր տեղափոխելը կապաակտիվացվի Թուրքիայում։
Իսկ Բելգիայի վարչապետ Բարտ դե Վևերը, ըստ տեղեկությունների, օդանավակայանում է իմացել, որ իր ուղեբեռում մարտական զենք կա։ Քանի որ այն չէր կարող անմիջապես ներմուծվել երկիր, ատրճանակը թողել են ոստիկանության պահպանության տակ։