«Այս անգամ Փաշինյան Նիկոլի հիացմունքի առիթն Արծվաշենի հանդեպ Ադրբեջանի «վերաբերմունքն» է»․ Կարեն Հեքիմյան

«Այս անգամ Փաշինյան Նիկոլի հիացմունքի առիթն Արծվաշենի հանդեպ Ադրբեջանի «վերաբերմունքն» է»․ Կարեն Հեքիմյան

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը. «Փաշինյան Նիկոլը շարունակում է հիանալ Ադրբեջանով: Այս անգամ վերջինիս հիացմունքի առիթն Արծվաշենի հանդեպ Ադրբեջանի «վերաբերմունքն» է»:
Ուրեմն, Փաշինյան Նիկոլը ««մեկ-մեկուկես ամիս առաջ» տեղեկացել է, որ Ադրբեջանի դրամի և անձնագրի քարտեզների մեջ Արծվաշենը որպես անկլավ արձանագրված է»: Փաշինյանը հիանում է՝ «սա շատ կարևոր նրբություն է, և կարծում եմ, որ մենք էլ պետք է հայելային նույն մոտեցումը ցուցաբերենք»: Այսինքն, ըստ Փաշինյան Նիկոլի, Հայաստանը «հետ է մնացել» Ադրբեջանից և այսուհետ հայկական դրամի և քարտեզների վրա կարտացոլվեն «ադրբեջանական անկլավները»՝ Քյարքին, Սոֆուլու|Բարխուդարլուն և Յուխարի Ասքիփարան:
Նախ՝ կարծում եմ, որ Փաշինյան Նիկոլը ոչ միայն նոր է իմացել ադրբեջանական մանաթի վրա պատկերված քարտեզի բովանդակության, այլև նոր է տեղեկացել Արծվաշենի՝ ՀՀ միջազգանորեն ճանաչված և անբաժանելի մաս լինելու մասին:
Խնդիրն այն է, որ տասնյակ տարիներ շարունակ Արծվաշենի ճակատագրով մտահոգված անձինք հարյուրավոր հրապարակային ելույթներում և հոդվածներում օրինակ էին բերում ոչ միայն ադրբեջանական մանաթի, այլև Ադրբեջանի պետական կառույցների, հեռուստաընկերությունների ներկայացված քարտեզները և դրանք համեմատում էին Հայաստանում հրապարակվող քարտեզների հետ:
Միայն զարմանք է առաջացնում այն փաստը, որ Փաշինյան Նիկոլն ութ տարի ղեկավարում է մի պետություն, որի մի հատված օկուպացված է Ադրբեջանի կողմից, և նա այդ մասին տեղեկությունները սկսել է հավաքագրել մեկ-մեկուկես ամիս առաջ:
Վստահ եմ՝ այս պատմության մեջ Փաշինյան Նիկոլին ոգևորում է բացառապես այն, որ այսուհետ Հայաստանում թողարկվող քարտեզներում Քյարքին, Սոֆուլու/Բարխուդարլուն և Յուխարի Ասքիփարան ներկայացվեն որպես ադրբեջանական տարածքներ:
Վստահ եմ՝ Փաշինյան Նիկոլը մինչ օրս չգիտի (ենթադրաբար՝ չի ցանկանում իմանալ), որ մինչ օրս Հայաստանում ներկայացված բազմաթիվ քարտեզներում (պատրաստ եմ ցուցակ ներկայացնել) Արծվաշենը ներկայացված չէ: Սակայն, ինչպես հասկացաք, դա կարևոր չէ: Կարևորը՝ Ալիև Իլհամն է և Քյարքին, Սոֆուլու/Բարխուդարլուն ու Յուխարի Ասքիփարան»:

Աղբյուրը`   Կարեն Հեքիմյան

Leave a Comment