Ճապոնիայի հարավ-արևմուտքում գտնվող հեռավոր կղզեխմբին խոշոր և հզոր թայֆուն է մոտեցել։ Սա դրդել է իշխանություններին նախազգուշացնել կատաղի քամիների, հորդառատ անձրևների, սողանքների և ջրհեղեղների մասին՝ վերածվելով վերջին տարիների ընթացքում տարածաշրջանի ամենակործանարար փոթորկի:
Ուրբաթ վաղ առավոտյան «Բավի» թայֆունը մոտենում էր Ճապոնիայի Սակիսիմա կղզիներին՝ Թայվանի մոտ գտնվող հեռավոր կղզեխմբին, որտեղ քամու առավելագույն արագությունը հասնում էր 162 կմ/ժ-ի (100 մղոն/ժ): Դա ստիպել է տեղի բնակիչներին ժապավեններով պատել պատուհանները և քամուց պաշտպանող ցանցեր քաշել տների ու խանութների վրա:
Ավիաընկերությունները տարածաշրջանում չեղարկել են տասնյակ չվերթներ, այդ թվում՝ շաբաթ օրվա համար նախատեսվածները:
Իսիգակիում՝ Սակիսիմա կղզեխմբի՝ զբոսաշրջիկների շրջանում հանրահայտ կղզիներից մեկում, բնակիչները պաշարներ են հավաքել՝ տեղական սուպերմարկետում դատարկելով արագ պատրաստվող արգանակների (լապշայի) դարակները: Որոշ հանրային լողափեր, ափամերձ զբոսայգիներ և լաստանավային տեղական տերմինալը փակ են եղել:
«Լսել եմ, որ այս մեկը բավականին մեծ է լինելու»,- ասել է Հիրոշի Նոմուրան, երբ քամուց պաշտպանող ցանցեր էր քաշում հեծանիվների վարձույթի իր խանութի վրա: -«Մի փոքր մտահոգված եմ՝ արդյոք թայֆունին մեր պատրաստությունները բավարար են»։
