Գիտնականներն առաջարկում են, որ մինչև Մարսից, Լուսնից և այլ երկնային մարմիններից բերված նմուշները Երկիր տեղափոխելը դրանք նախ ուսումնասիրվեն Լուսնի ուղեծրում կամ մակերևույթին կառուցված հատուկ կարանտինային համալիրում։ Հետազոտության հեղինակների կարծիքով՝ Երկրի վրա գործող ոչ մի լաբորատորիա չի կարող լիովին երաշխավորել պաշտպանությունը ենթադրյալ արտերկրային միկրոօրգանիզմների հնարավոր արտահոսքից։
Թեև մինչ օրս արտերկրային կյանքի որևէ ապացույց չի հայտնաբերվել, սակայն արդեն մեկնարկել են տիեզերական նմուշների վերադարձի ծրագրեր։ NASA-ն և ESA-ն պատրաստում են առաքելություններ դեպի Մարս և Արեգակնային համակարգի փոքր մարմիններ։ Գիտնականների գնահատմամբ՝ այդ նմուշների հետ կարող են Երկիր հասնել նաև միկրոօրգանիզմներ, որոնց հետ երկրային էկոհամակարգերը երբևէ չեն առնչվել։
Առաջարկի համաձայն՝ ցանկացած երկնային մարմնից բերված նմուշ նախ պետք է տեղափոխվի Լուսնի կայան, որտեղ ինքնավար ռոբոտացված համակարգերը կստուգեն այն հնարավոր վտանգավոր կենսաբանական գործոնների առկայության համար։ Միայն դրանից հետո նմուշները հնարավոր կլինի տեղափոխել Երկիր։ Լուսինը կարող է դառնալ մարդկության կենսաբանական պաշտպանության առաջին գիծը։
