Studiocanal ընկերությունը կստեղծի շվեդ գրող Աստրիդ Լինդգրենի հայտնի մանկական ստեղծագործության՝ «Երկարագուլպա Պիպին» գրքի հիման վրա նկարահանվող 3D անիմացիոն սերիալը։ Սցենարի հեղինակը կլինի Սառա Դեդին, որը նախկինում աշխատել է «Սուրբ Ծննդյան նախօրեն Հրաշքների երկրում» անիմացիոն ֆիլմի վրա։
Սյուժեի համաձայն՝ կարմրահեր Պիպին, ինչպես բնօրինակում, ձիու և կապիկի ուղեկցությամբ կհայտնվի փոքրիկ քաղաքում, որտեղ կընկերանա հարևան երեխաների՝ Թոմիի և Աննիկայի հետ։
Սերիալի պրոդյուսերությամբ զբաղվելու է Heyday Films ընկերության թիմը, որը հայտնի է «Պադինգթոն» ֆիլմաշարի ստեղծմամբ։ Նախագծում ներգրավված են Դևիդ Հեյմանը, Ռոզի Էլիսոնը և Ռոբ Սիլվան։ Զուգահեռաբար մշակվում է նաև նույն պատմության լիամետրաժ ֆիլմը։
Անիմացիոն նախագիծը բաղկացած կլինի 52 սերիայից, որոնցից յուրաքանչյուրը կտևի 11 րոպե։ Ստուդիան նախատեսում է արտադրական աշխատանքները սկսել հոկտեմբերին։
