Իրանում Մեծ Բրիտանիայի դեսպանը կանչվել է ԱԳՆ

Իրանում Մեծ Բրիտանիայի դեսպանը կանչվել է ԱԳՆ

Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպան Հյուգո Շորթերը կանչվել է Իրանի արտաքին գործերի նախարարություն, հաղորդում է Fars-ը։

Լրատվամիջոցի տվյալներով՝ իրանական կողմը բրիտանական դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարին «բողոք է հայտնել Իսլամական Հանրապետության ժողովրդի նկատմամբ Մեծ Բրիտանիայի կառավարության ոչ պատշաճ վերաբերմունքի կապակցությամբ»: Դեսպանին փոխանցված նոտայում նշվել են նաև «բրիտանական պաշտոնյաների անհիմն և կեղծ հայտարարությունները Թագավորության անվտանգության խաթարմանն ուղղված գործողություններ ձեռնարկելու Իրանի փորձերի մասին»:

Նախօրեին Մեծ Բրիտանիայում ուժի մեջ է մտել օրենք, որը Միացյալ Թագավորության ՆԳՆ-ին այլ պետությունների թշնամական գործունեությանը հակազդելու նոր լիազորություններով է օժտում: Համապատասխան օրինագիծը խորհրդարան է ներկայացվել ընդամենը մեկ ամիս առաջ։ Օրենսդրության հրատապ փոփոխությունը պայմանավորված է Իրանի շուրջ հակամարտության սկսվելուց ի վեր Մեծ Բրիտանիայում հակասեմական հարձակումների կտրուկ աճով:

Լոնդոնում տեղի ունեցած նման մի շարք միջադեպերից հետո Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը չի բացառել, որ դրանց հետևում կարող է օտարերկրյա պետություն լինել, և այդ կապակցությամբ նախազգուշացում է արել Իրանին։

Leave a Comment