«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունից հետո իշխանական շրջանակներից սպառնացել են մարզիկներին, որ որևէ ձևով աջակցություն չհայտնեն նրան, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ ԶԼՄ-ի՝ «Քաղաքացիական պայմանագրի» տարբեր շրջանակների, կառավարության, կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության տարբեր պաշտոնյաներ զանգահարել են մարզիկներին և սպառնալիքներ հնչեցրել, ինչ էլ, ըստ թերթի, մարզիկների լռության պատճառ է դարձել։
Ծառուկյանը ներգրավված է առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու վարույթում, ինչի պատճառով արգելվել է նաև ելքը ՀՀ-ից։ Հուլիսի 6-ի առավոտյան Ծառուկյանի բնակարանում, ինչպես նաև ավելի քան 70 ընկերությունում խուզարկություններից հետո նրան ձերբակալել էին, հուլիսի 7-ին՝ կալանավորել։
Ծառուկյանին մեղադրում են նաև ապօրինի որսի մեջ, և այդ վարույթի շրջանակում նրա առաձնատնից առգրավվել էին կենդանիների խրտվիլակներ, ինչպես նաև 3 առյուծ և 1 վագր, առյուծներից մեկը քնեցումից չէր արթնացել։ Ծառուկյանն իրեն առաջադրված մեղադրանքներն անվանել էր «սուտ» և «փուչիկ»։
Հուլիսի 8-ին ԱԺ նախկին պատգամավոր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանն ու աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, ծանրորդ Նազիկ Ավդալյանն աջակցություն էին հայտնել Ծառուկյանին՝ քննադատելով նրա նկատմամբ իրականացված գործողությունները։
