Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ձերբակալմանը․
«Ինչպես ասել եմ, ութ տարի ստիպված ենք եղել պայքարել դատաիրավական մաֆիայի դեմ։ Եվ այն մարդիկ, որոնք չեն ենթարկվել, ու այդ գործերը պատշաճ ընթացք չեն ստացել, այդ թվում՝ հանցավոր պայմանավորվածությունների պատճառով, և մարդիկ իրենց հարմար են զգացել, դատաիրավական համակարգում պատշաճ չեն գործել»,- ասել է վարչապետը և հավելել, որ բոլորի ակնկալիքն է, որ դատաիրավական համակարգը նորմալ գործի։
«Որ ասում են՝ տեղի է ունենում քաղաքական հետապնդում, իսկ ես ասում եմ՝ մինչև վերջերս տեղի է ունեցել քաղաքական չհետապնդում։ Քանի որ նախորդ քաղաքական իշխանությունների, այդ թվում, պետական համակարգում գործող շոշափուկները պրոտեկցիոն պայմաններ են ստեղծել շատերի համար, և դրա վերջը պետք է տրվի»,- նշել է վարչապետը։
Անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի ձերբակալման տեսարանին՝ վարչապետը հավելել է. «Ես դրանք չեմ տեսել, քանի որ ինձ չեն հետաքրքրում։ Ինչ վերաբերում է այն հրահանգներին՝ ասֆալտին փռելուն և այլն, դրանք տրվել են շատ վաղուց, և հարց է առաջանում՝ ինչո՞ւ չեն կատարվել»,- շեշտել է վարչապետը։
