Թուրքիան Ուկրաինային «ռազմական աջակցություն կցուցաբերի», բայց «խաղաղության համար պետք է Ռուսաստանին խրախուսել»

«Տրումենի ժառանգությունը կորսվում» է,- Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթաժողովից ընդհանրական այս տպավորությունն է փոխանցել բրիտանական The Telegraph-ի մեկնաբան Ջեյք Սայմոնսը՝ ամենայն հավանականությամբ նկատի ունենալով Թրամփ-Էրդողան հանդիպումը։

Բրիտանացի հեղինակի դիտարկումները ամփոփ փոխանցել է ուկրաինական Unian-ը։ Թուրքիան, ինչպես հայտնի է, ՆԱՏՕ-ին անդամակցել է 1952թ․-ին՝ ԱՄՆ նախագահ Տրումնեի նախաձեռնությամբ։

Բրիտանացի մեկնաբանի հայացքով՝ դա տեղի է ունեցել, որպեսզի Թուրքիայում ամրապնդվի Մուսաֆա Քեմալի հաստատած «աշխարհիկ կարգը»։ Այդ «հավասարակշռությունը խախտվել է 2017թ․-ին, երբ Էրդողանը սահմանադրական փոփոխություններ է նախաձեռնել»։ Ներկայիս Թուրքիան «ՆԱՏՕ-ի անդամ է մնում, բայց հետևողականորեն ձգտում է առանձնակի դերակատարություն»։

Ըստ Սայմոնսի, Էրդողանը «մնում է «մուսուլման եղբայրների» ջատագովը»։ Այս առումով նա հատուկ ընդգծել է Սիրիայում Ահմադ ալ-Շարաայի իշխանության գալու փաստը։ Ալ-Շարաան ավելի քան մեկուկես տասնամյակ «ջիհադական զինված խմբավորման առաջնորդ է եղել»,- կարևորել է The Telegraph-ի հեղինակը։

Ի վերջո, նա ընդհանրացրել է, որ ՆԱՏՕ-ին պետք է ԱՄՆ-ի նախագահ, որ «կկարողանա Էրդողանին թեքել դեպի արևմտյան օրակարգ, բայց ազատ աշխարհի ներկայիս սնափառ, ոչ կոմպետենտ և քմահաճ առաջնորդի պարագայում Տրումենի ժառանգությունը մեռնում» է։

«Սնափառ, ոչ կոմպետենտ և քմահաճ» բնութագրումները, անկասկած, հասցեագրված են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, որ Անկարայում Էրդողանի հասցեին, իրոք, անակնկալ հաճոյախոսություններ է շռայլել։

Այդուհանդերձ, Թրամփին, կարծես, «ինչ-որ բան հաջողվել» է: Հյուսիս-ատլանտյան դաշինքի Խորհրդի նիստին ելույթում Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ «Ուկրաինային ռազմական աջակցությունը կշարունակվի, բայց խաղաղության համար պետք է խրախուսել նաև Ռուսաստանին»։

Unian-ը իր կողմից հավելել է, որ Ուկրաինայի նախագահ Զելենսկին ավելի վաղ «պատերազմի հրձիգ» Պուտնի հետ «ԱՄՆ և Թուրքիայի նախագահի մասնակցությամբ հանդիպման պատրաստակամություն է հայտնել»։

Միացյալ Նահանգներում Ուկրաինայի դեսպան Օլգա Ստեֆանիշինան, մինչդեռ, «Նյու Յորք թայմսին» ասել է, որ ռազմաճակատում դիրքի բարելավումը թույլ է տալիս, որպեսզի Կիևը «պատերազմը ավարտելու հարցին ավելի կրեատիվ մոտեցում ունենա»։

Leave a Comment