Շախմատի պատանիների ԵԱ․ Սոֆիա Բաղրամյանը՝ փոխչեմպիոն – armeniatoday.am

Հայաստանը ներկայացնող Սոֆիա Բաղրամյանը դարձել է Լեհաստանի Ժեշուվ քաղաքում անցկացված 2026 թվականի Եվրոպայի պատանիների և աղջիկների արագ շախմատի առաջնության մինչև 10 տարեկան աղջիկների փոխչեմպիոն, հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։

Բաղրամյանը 9 հնարավորից վաստակել է 7,5 միավոր։ Հայաստանի ևս երեք ներկայացուցիչ՝ ՖԻԴԵ-ի վարպետներ Վաչե Հովակիմյանը և Մանվել Առաքելյանը, ինչպես նաև Մանվել Վարդանյանը, իրենց տարիքային խմբերում զբաղեցրել են համապատասխանաբար 4-րդ, 4-րդ և 5-րդ տեղերը՝ ընդգրկվելով լավագույն հնգյակում։

Մինչև 18 տարեկանների մրցաշարում Հովակիմյանը 7 միավորով կիսել է 1-4-րդ տեղերը և լրացուցիչ ցուցանիշներով հայտնվել 4-րդ տեղում։ Մինչև 16 տարեկանների պայքարում Առաքելյանը 7 միավորով կիսել է 2-5-րդ տեղերը և զբաղեցրել 4-րդ հորիզոնականը, իսկ մինչև 10 տարեկանների մրցաշարում Վարդանյանը նույն արդյունքով կիսել է 2-7-րդ տեղերը և լրացուցիչ ցուցանիշներով գրավել 5-րդ տեղը։

Հուլիսի 9-ին՝ Հայաստանի ժամանակով ժամը 12:00-ին, կմեկնարկի Եվրոպայի կայծակնային շախմատի առաջնությունը։

Leave a Comment